Իրանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը Ժնևում կհանդիպեն մարտի 3-ին. աղբյուր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մարտի 3-ին մտադիր է Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում երկկողմ քննարկումներ անցկացնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ:
Այս մասին գործակալությանը հայտնել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը: Նրա խոսքերով՝ Զարիֆը պլանավորում է Մոնտրեում հանդիպել Ջոն Քերիի հետ: Ակնկալվում է, որ նրանք ելույթներ կունենան մարտի 2-ին Ժնևում բացվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում:
Դրանից հետո նրանք կուղևորվեն Մոնտրե՝ բանակցելու համար Իրանի միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցային վերջին երկկողմ փուլը Ժնևում ավարտվել է երկուշաբթի: Քառօրյա բանակցություններից հետո կողմերը հասել են որոշակի առաջընթացի, սակայն դեռ վաղ է խոսել որևէ որոշակի համաձայնության մասին: