Մարտուն Գրիգորյանը դուրս է գալու ԲՀԿ-ից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Իշխող ՀՀԿ-ն դեռ չի քննարկել և այս պահին պատկերացում չունի ինչպես է վարվելու Ազգային ժողովի այն մշտական հանձնաժողովների հետ, որոնց նախագահները ԲՀԿ-ականներ են:

ԲՀԿ-ն խորհրդարանում ունի 4 մշտական հանձնաժողով՝ մարդու իրավունքների, եվրաինտեգրման, տեղական ինքնակառավարման և գյուղատնտեսության: Դրանք բաշխվել են Դոնթի բանաձևի սկզբունքով: Հիմա, երբ ԲՀԿ-ական պատգամավորները լքում են խմբակցությունը, խորհրդարանում համամասնություն փոխվելու դեպքում, վերահաշվարկ անելու անհրաժեշտություն է առաջանալու, թեև եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը խմբակցությունից դուրս չեն գալու:

Իսկ գյուղատնտեսության հանձնաժողովի դեպքում էլ ավելի անհասկանալի իրավիճակ է: Այդ հանձնաժողովի նախագահը Մարտուն Գրիգորյանն է, ով լքելու է ԲՀԿ խմբակցությունը: Երեկ, երբ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեցինք. թե արդյո՞ք վերահաշվարկ են անելու հանձնաժողովներում, եթե Աժ-ում համամասնությունը փոխվի, և ի՞նչ են պատրաստվում անել Մ.Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովում, նա պատասխանեց. «Նման հարց չենք քննարկել դեռ:

Օրենքով կշարժվենք, կտեսնենք, թե ինչ է նախատեսում օրենքը, որոշում կկայացնենք: Ես դեռ տեղյակ էլ չեմ, որ Մարտուն Գրիգորյանը դուրս է գալու ԲՀԿ-ից: Երբ պաշտոնապես կլինի, պաշտոնապես էլ կանդրադառնանք: Հիմա ոչինչ ասել չեմ կարող»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս