Ադիբեկյանը պատվիրատու է փնտրում՝ նոր հարցումն ավարտին հասցնելու համար

«Քանի որ երկիրը շարունակում է մնալ տնտեսապես և սոցիալապես ծանր վիճակում, իսկ ԵՏՄ մտնելը կարող էր ավելացնել արտագաղթը, մեզ հետաքրքիր էր՝ ինչ ակնկալիքներ ունեն մարդիկ ԵՏՄ-ից»,- այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր գլխավորած «Սոցիոմետր» կենտրոնի անցկացրած հարցման նախնական արդյունքները, որը վերաբերվում է հանրության՝ ԵՏՄ-ից ունեցած սպասումներին:

Նա նշեց, որ հարցումը արել են 1000 հոգու շրջանակներում, տարբեր մարզերի 4 համայնքներում. «Հարցաշար է եղել՝ ինչպե՞ս են գնահատում ներկա իրավիճակը, ի՞նչ սոցիալական խնդիրներն են առջանահերթ, ո՞ւմ հետ են կապում լուծումները, ԵՏՄ-ի կազմի մեջ մտնելն ինչպե՞ս կազդի այդ խնդիրների լուծման վրա, և ի՞նչ եք ակնկալում ապագայից: Մեզ թվում էր, որ ավելի ընկճված վիճակ պետք է լիներ, մարդիկ ապագային նկատմամբ ավելի հոռետես պետք է լինեին, բայց պարզվեց, որ՝ ոչ, լավատեսությունը մեզ մոտ սկսում է հաղթել»:

Ըստ հարցման արդյունքների՝ երկրում իրավիճակը լարված և ծանր գնահատում են 70%-ը, իրենց համայնքներում մոտավորապես 55%-ը, ընտանիքում՝ մոտավորապես 40-42%-ը:

«Սա հայկական պարադոքս է, երբ հայերն իրար հետ հանդիպում են՝ խոսում են դարդերից, խնդիրներից, չեն սիրում իրենց լավ կացության կամ հաջողությունների մասին խոսել, դրա համար տպավորություն է, որ մեր ընտանիքում ամեն ինչ լավ է, համայնքում՝ մի քիչ վատ: Հանրապետության մակարդակով՝ երբ լսում են ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների, որոշ վերլուծաբանների ելույթները, այնպիսի տպավորություն է, որ երկիրը անդունդի առջև է կանգնած: Իշխանականներին այնքան չեն հավատում, որ հավատան, որ իրողությունն այնուհանդերձ կայուն է, որ վերահսկվելի է, որ մեզ շատ ծանր անակնկալ ցնցումներ չեն սպասվում»,- նշեց սոցիոլոգը:

«Ի՞նչ է տվել Հայաստանին՝ ԵՏՄ-ի կազմի մեջ մտնելը» հարցին՝ հարցման մասնակիցների մոտավորապես 52%-ը պատասխանել է, թե դեռևս չեն զգացել դրա ներազդեցությունը, Դրական ներազդեցություն են ստացել մոտավորապես 35-36%-ը, բացասական՝ մոտավորապես 12%-ը. «Հիմնականում դրականը կապված է այն մարդկանց հետ, որոնց գործունեությունը կապ ունի դրսի հետ՝ ազգականները գնացել են դրսում գումար են աշխատում, բերում, իրենց մթերքը գնել են արտահանելու համար»:

Հարցին՝ ԵՏՄ-ին անդամակցելն ավելի շատ առնչվում է բիզնես ոլորտին և ոչ հասարակ մարդկանց, ինչո՞ւ եք որոշել հենց համայնքներում անցկացնել հարցումը, Ա.Ադիբեկյանն այսպես պատասխանեց.

«Մեր տվյալներով՝ ամեն 6-րդ ընտանիքը գոյատևում է Ռուսաստանից եկած գումարներով: ԵՏՄ-ին անդամակցելը հեշտացնում է արտագաղթը, աշխատանք գտնելը: Դա ավելի լայն շրջանակ ունի, քան բիզնես ոլորտում: Մենք նաև փորձագիտական հարցում կանցկացնենք բիզնես ոլորտում»:

Հարցին էլ՝ իսկ ինչո՞ւ եք հիմա արել այդ հարցումը, չէ՞ որ ձմռան ամիսներին այնքան շատ գյուղատնտեսական ապրանքներ չկան, սոցիոլոգը պատասխանեց, որ կան գյուղատնտեսական ապրանքները՝ ջերմոցներում, սառնարաններում: Ըստ նրա՝ ձմռանը գործունեությունը շարունակվում է, և մենք արտահանելու բան ունենք «կլոր տարի»:

Նա նաև նշեց, որ դեռևս պատվեր չկա հարցումն ամբողջությամբ անելու համար. «Հույս ունեմ, որ անցյալ տարվա նման պատվիրատու կգտնեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս