Բաժիններ՝

Եգիպտոսում հանրահայտ բլոգեր Ֆաթթահին դատապարտել են հնգամյա ազատազրկման

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական դատարանը հնգամյա ազատազրկման է դատապարտել բլոգեր և հասարակական ակտիվիստ Ալաա Աբդել Ֆաթթահին: Նա այդ պատիժը ստացել է չարտոնյալ հանրահավաքներին մասնակցելու համար:

Համանման որոշում փետրվարի 23-ին կայացվել է ևս մեկ ակտիվիստի՝ Ահմեթ Աբդուլռահմանի նկատմամբ: Աբդել Ֆաթթահը դատական գործընթացն անվանել է անհեթեթություն, իսկ նրա փաստաբանը խոստացել է բողոքարկել դատարանի վճիռը:

Ֆաթահը 25 այլ ակտիվիստների հետ ձերբակալվել է 2013 թվականին՝ չարտոնյալ հանրահավաքների մասնակցելու և իշխանափոխության կոչերի համար: 2014 թվականի հունիսին նա դատապարտվեց 15-ամյա ազատազրկման, սակայն որոշ ժամանակ անց դատավճիռը չեղյալ հայտարարվեց բազմաթիվ բողոքների ֆոնին:

2014 թվականի հոկտեմբերին հետաքննությունը սկսվել էր նորից և Ֆաթթահին ու նրա կողմնակիցներին վերստին վերցրել էին կալանքի տակ: Ֆաթթահն առաջիններից մեկն էր, ով Եգիպտոսում սկսեց վարել քաղաքական բալոգներ, որոնցում քննադատում էր կառավարության գործողությունները: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 2011 թվականի հեղափոխությանը, որի արդյունքում տապալվեց երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս