Էդմոն Մարուքյանը՝ ՀԱԿ-ին. Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի լավ հիմնավորեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալը, քան իշխանությունը
«Ձեր ներկայացրած քաղաքական ուժը՝ իր ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ավելի լավ հիմնավորեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալը, քան իշխանությունը»,- այսօր ԱԺ նիստում Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին ԱԺ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը` դիմելով նախագծի հեղինակ ՀԱԿ խմբակցությանը:
Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը չունի այլընտրանքային զարգացման ծրագիր և իր համար տարբերություն չկա, թե ՀԱԿ-ն է ինտեգրում ՀՀ-ն ԵՏՄ-ին, թե իշխանությունը: Ըստ նրա՝ դեռ կառավարության ծրագրում կետ կար, որ շարունակելու են ԵՄ-ի հետ համագործակցությունը, իսկ ՀԱԿ-ն ամեն ինչ արեց, որ ներքին ընդվզում չլինի: Մարուքյանը նշեց, որ ՀՅԴ-ն աջակցում էր ԵՏՄ-ի ինտեգրմանը, բայց այդ գաղափարի ընդդիմախոսներին «ջղաձգվողներ» չասեցին, որ ՀՀ ապագան տեսնում են ԵՄ-ում:
«ՀՀ քաղաքական համակարգում չենք կարողանում այնպիսի ընդդիմություն ձևավորել, որ չասի, թե ամեն ինչ շատ վատ է, ձևավորի ակնկալիքներ և հուսախաբ չանի: Դուք արտաքին նախաձեռնողական քաղաքականությանն աջակցել եք ու մեղքերը նաև ձեր վրա են: Նաև որևէ քննադատական խոսք ունակ չեք լսել»,- հայտարարեց Է.Մարուքյանը՝ որպես լուծում առաջարկելով քաղաքական դաշտը մաքրել՝ իշխանության հետ միասին հեռանալով բեմից: