Ադրբեջանական դատարանը 5 ամսով երկարաձգել է Արիֆ Յունուսին կալանքի տակ պահելու ժամկետը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատարանն այսօր ևս 5 ամսով երկարաձգել է կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսին կալանքի տակ պահելու ժամկետը, ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Այս մասին հայտարարել է Արիֆ Յունուսի փաստաբան Աֆգան Մամեդովը:
Վերջինիս խոսքերով՝ դատարանը վճռել է, որ Արիֆ Յունուսը պետք է նախնական կալանքի տակ մնա մինչև 2015 թվականի օգոստոսի 5-ը: Փաստաբանն անհիմն է համարել դատարանի այս որոշումը՝ ընդգծելով, որ իրենք մտադիր են բողոքարկել այն: Փաստաբանը հավելել է, որ Արիֆ Յունուսոը հրաժարվում է ցուցմունքներ տալուս:
Արիֆ Յունուսը կալանավորվել է 2014 թվականի օգոստոսի 5-ին: Դա տեղի է ունեցել նրա կին, իրավապաշտպան Լեյլա Յունուսին կալանավորելուց մեկ շաբաթ անց: Ամուսինները մեղադրվում են «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» մեջ:
Նրանք երկուսն էլ հերքում են այդ մեղադրանքները, դրանք համարում են մտացածին՝ գտնելով, որ դրանք ներկայացվել են քաղաքական դրդապատճառներով: Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է «խղճի բանտարկյալներ»: