Օբաման հակված չէ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամկետի երկարաձգմանը. Ջոն Քերի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որևէ կերպ հակված չէ նրան, որ վերստին երկարաձգի Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների ժամկետը: Այս մասին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Ջոն Քերին ընդգծել է, որ Իրանի հետ բանակցություններում շարունակում են մնալ էական տարակարծություններ: Սրանից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է վստահ լինի, որ իրանցիները հրաժարվել են միջուկային մարտական լիցք մշակելուց:

Օբաման չէր թաքցրել, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում տարաձայնություններ ունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ` ընդգծելով, որ նպատակահարմար չի համարում Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերջնաժամկետից 1-2 ամիս առաջ այդ քայլին գնալը: Իրանն ու «Վեցյակը» պետք է իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության հասնել մինչև ընթացիկ տարվա հուլիս:

Տեսանյութեր

Լրահոս