Տաշիրում կատարված սպանությունը բացահայտվել է
2014 թ. հունվարի 27-ին ոստիկանության Տաշիրի բաժնում արձանագրված 1952 թ. ծնված Զոյա Մկրտչյանի սպանության դեպքը մեծ հնչեղություն ստացավ:
Հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտել չէր հաջողվել, սակայն ձեռնարկված որոնողական և օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումները, վերջապես, արդյունք տվեցին:
Փետրվարի 19-ին, ժամը 15.00-ին, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 244 հասցեից, նշված սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Արմեն Խ.-ն /նախկինում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով դատապարտված/:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է Զ. Մկրտչյանին պատկանող և սպանությունից հետո նրա բնակարանից հափշտակված բջջային հեռախոսը:
Արմեն Խ.-ն խոստովանել է, որ 2014 թ. հունվար ամսվա վերջերին, գումար պահանջելու նպատակով, այցելել է Զ. Մկրտչյանի բնակարան և վերջինիցս չստանալով պահանջված գումարը՝ իր հետ նախապես վերցված մետաղյա ձողով հարվածներ է հասացրել կնոջ գլխին, սպանել նրան, որից հետո վերցնելով նրա բջջային հեռախոսը՝ հեռացել է:
Արմեն Խ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն