«Սա նշանակում է՝ Սերժ Սարգսյանի պայմանների ընդունում». Ստեփան Սաֆարյան

«Ես սա չեմ համարում զինադադար, սա այն չէ, որ Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը նստում և ասում են՝  մենք կանգ են առնում: Նկատելի է, որ Գագիկ Ծառուկյանը հետ քայլ է կատարել»,- այսօր տեղի ունեցած մամուլիս ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա համար նկատելի է, որ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ ինքն ընդդիմություն չէ, որ ինքը չի գլխավորելու պայքարը և չի մտնելու Ազատության հրապարակ. «Ես հասկանում եմ, որ «Բարգավաճ Հայաստանին» համակրող լրատվամիջոցները սա ներակայացնում են որպես զինադադար, բայց սա զինադադար չէ:

Սա նշանակում է մնալ նախկին «ռելսերի» վրա, ինչի վրա եղել է «Բարգավաճ Հայաստանը»: Սա նշանակում է Սերժ Սարգսյանի պայմանների ընդունում»,- ասաց Ս. Սաֆարյանը՝ խոսելով Գ.Ծառուկյանի վերջին հայտարարության և փետրվարի 20-ի հանրահավաքը հետաձգելու մասին:

Հարցին՝ որքանո՞վ է հավանական եռյակի հետագա գոյությունը, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ այդ ֆորմատն իրեն ներկայացնում է ավելին, քան ամանում բան կա, ամանի մեջ բան չկա: Հատկապես նախորդ տարվա հանրահավաքները հիշելով՝ ինձ թվում է՝ Գագիկ Ծառուկյանն էր ՀԱԿ-ի և «Ժառանգության» մերանը, և հիմա եթե Գագիկ Ծառուկյանն էլ կողք է քաշվում, ինձ թվում է՝ այնտեղ շատ ավելի շուրջ խնդիրներ են ի հայտ գալու լիդերների մակարդակով»:

Հարցին էլ՝ համաժովորդական շարժման հետ ի՞նչ է լինելու, Ս.Սաֆարյանն այսպես արձագանքեց.

«Ոչինչ չի լինելու, իհարկե, չի լինելու: Օրակարգ չկա, ինչպես որ դա չի եղել նախկինում: Օրակարգում եղել են շատ փոքր հարցերով համաձայնություններ, և այս կտրվածքով ես չեմ կարծում, որ որևէ բան կարելի է սպասել՝ շատ լայն համախմբան առումով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերադիրքավորումը չափազանց ազդելու է այդ ձևաչափի վրա»:

168.am-ի հարցին՝ եռյակի մյուս երկու ուժերը՝ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», ինչպե՞ս կվերաբերվեն «Բարգավաճ Հայաստանի» և նրա առաջնորդի այս քայլին, Ս.Սաֆարյանը պատասխանեց, որ իրեն էլ է դա հետաքրքիր, քանի որ հիմա բոլորը ադապտացիայի խնդիր ունեն. «Այսինքն՝ շատ հետաքրքիր է՝ ինչպե՞ս հիմա կադապտանան մյուսները «Բարգաված Հայաստան» կուսակցության այս նոր վերադիրքավորման հետ»:

Մեր մյուս հարցին՝ հավանական չե՞ք համարում, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պայքարը երկուսով շարունակեն, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց.

«Ոչ, ես կարծում եմ՝ երկուսով շարունակելու արգելքներ ու խոչընդոտներ կան»:

Ըստ նրա՝ այս ամենից հետո հասարակության մոտ խոր հիասթափություն կառաջանա:

 

Տեսանյութեր

Լրահոս