«Ես կլինեմ, բացակա չդնեք». Րաֆֆի Հովհաննսիյանը՝ հանրահավաքի մասին

«Հիասթափությունների այս աշխարհում մի փոքր կարող եմ նորից հիասթափեցնել»,- այսօր այսպես սկսեց իր ասուլիսը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ լրագրողների հետ հանդիպման է եկել միայն հանրային ուղերձ ընթերցելու համար, իսկ հարցերին կպատասխանի ուրբաթ օրը ժամը 16:00-ին Ազատության հրապարակում:

Լրագրողների ընդվզմանը, որ Հովհաննիսյանն առաջին անգամ չէ, որ կամ ասուլիսը վերջին րոպեին չեղյալ է հայտարարում կամ հրաժարվում է հարցերին պատասխանել, Ր. Հովհաննիսյանը նկատեց, թե խոսողը «քաջ աղջիկ» է, իսկ հարցին, թե եթե անընդհատ որոշում է փոխում, արդյոք իր ետևից ժողովուրդը կգնա՞, Ր. Հովհաննիսյանը չպատասխանեց ու ընթերցեց ուղերձը: Դրանում նա նշեց, թե որ այսօր նախագահական ընտրությունների տարելիցն է, առաջի և հետոյի ջրբաժանը մեծացել է ևս մեկ տարով:

«Անցած տարիները վկայում են, որ անդառնալիորեն կորցնում ենք պետության ներկան և օրախնդիրն այլևս սերունդների ապագան փրկելն է: Փրկողը ժողովուրդն է լինելու: Հին ու նոր փրկիչների մասին խոսակցությունները, որ երբեմն աշխուժանում են, առասպելի ժանրից են»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:

Նա հիշատակեց նաև Գյումրիի դեպքերը, միջազգային ասպարեզում ՀՀ դիրքը, սահմանին միջադեպերը, քայքայված տնտեսության մասին և այլն, ու նշեց, թե մարտակոչը պետք է որոնել միասին: Ր. Հովհաննիսյանը նշեց, թե «Ժառանգությունը» հայտարարել է, որ իր նպատակը արժանապատիվ ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումն է և կուսակցապետությանը պետք է ստիպել հրաժարվել ընտրակեղծարարությունից:

Կարդացեք նաև

«Պայքարը ընթացքի մեջ է»,- ասաց նա՝ անգամ չշփոթվելով հայտնի դարձած տեղկությունից, որ ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ուրբաթ օրվա՝ փետրվարի 20-ի հանրահավաքը:

Ր. Հովհաննիսյանը շարունակեց ընթերցել՝ «Մենք այսօր գտնվում ենք աննախադեպ քաղաքական իրավիճակում, որ հանգուցալուծում է պահանջում», ու մեջբերեց Համո Սահյանի խոսքը՝ «մի քիչ պարտված մնա, մի քիչ Աստված եղիր»: Ր. Հովհաննիսյանը իշխանությանը կոչ արեց ստուգել «ոչ միայն Ծառուկյանին այլև ինձ, ձեզ հանդիպելիք Տեր-Պետրոսյանին, Նիկոլին, Սեֆիլյանին, Հայրիկյանին: Բայց սկսեք ձեզանից»:

Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե դե ֆակտո նախագահը գիտի, թե դե յուրեին որտեղ գտնել, իսկ մնացածը վաղը երեկոյան «Ժառանգություն» կուսակցության ժողովի ժաանակ կճշգրտվի:

Ուղերձի ընթերցանությունն ավարտելուց հետո Ր. Հովհաննիսյանը ոտքի ելավ գնալու: 168.am-ի հարցին, թե անկախ ԲՀԿ-ից, «Ժառանգությունը» կանի՞ հանրահավաք, Ր.Հովհաննսիյանը հայտարարեց. «Ես կլինեմ, բացակա չդնեք»:

 

Տեսանյութեր

Լրահոս