Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին պատասխանեց. «Մի աղմկեք, հարգելիս. ձեզ հետ էլ կխոսենք». ՀԺ
«Գրեթե հաստատված բանաձեւ է. երբ ներքաղաքական լարվածության պիկին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի վերքաղաքական, ազգային միասնության կոնտեքստում տեղավորվող հուզիչ եւ սրտեր ճմլող նախաձեռնություն է ցուցաբերում, նշանակում է՝ փորձում է սահուն դուրս գալ ներքաղաքական ինչ-որ փակուղուց, փորձում է խուսափել ինչ-որ վերահաս ձախողման պատասխանատվությունից»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Երեկ մոտավորապես այդպիսի մի իրավիճակ ստեղծվեց: Նախ՝ լուր տարածվեց, որ Մոսկվայից Հայաստան ժամանած հայտնի գործարար Սամվել Կարապետյանը հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ եւ վերջինիս բացատրել, որ Ծառուկյանը մեղավոր չէ ներքաղաքական լարումների համար եւ որ նրան Լեւոն Տեր-Պետրոսյանն է դրդում: Սրանից մի քանի ժամ անց՝ տարօրինակ հաղորդագրություն տարածեց Հայ ազգային կոնգրեսը:
Պարզվում է, ՀՀԿ խորհրդում Սերժ Սարգսյանի ելույթի օրը, այսինքն՝ փետրվարի 12-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությանը եւ «Իլուր» կայքին հրապարակման է հանձնած եղել Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ: Բայց Սերժ Սարգսյանի տխրահռչակ ելույթից հետո որոշել է չհրապարակել: Երեկ, սակայն, որոշել է հրապարակել, որովհետեւ նամակն անհետաձգելի է, անհետաձգելիությունն էլ՝ «պայմանավորված է նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի՝ ապրիլի 24-ի մոտալուտ լինելու հանգամանքով»:
Փաստաթղթի հրապարակումը, բնականաբար, ուղեկցվեց կոնգրեսական երիտասարդների հիացական բացականչություններով՝ «օօօօօօօ՜», «աաաա՜», «իիիիիիի՜», «հիասքա՜նչ է», «հանճարեեե՜ղ է», «պետակաաա՜ն է», «մոգակաաա՜ն է» եւ այլն: Այս արձագանքների հեղինակները դրանից ընդամենը 48 ժամ առաջ արդեն Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու ժամերն էին որոշում, ու ոնց քցում-բռնում էին՝ մինչեւ մյուս շաբաթվա վերջ Սերժ Սարգսյանը պիտի չձգեր: Կասկածողներին միանգամից հանում էին ծախու շներ, ռեժիմի սպասարկուներ:
Ու նրանցից ոչ մեկը հիացմունքի էքստազի մեջ չֆայմեց հարց տալ. բայց էսօր ոնց որ թե փետրվարի 17-ն է, բա էն իշխանափոխությունը ի՞նչ եղավ, եթե Սերժ Սարգսյանին կողքից խորհուրդներ ենք տալիս, թե ապրիլի 24-ին ինչ անի: Այսինքն՝ Սարգսյանը ապրիլի 24-ին դեռ Բաղրամյան 26-ում է լինելո՞ւ: Բա ռեժիմի սպասարկուները, բա ռեժիմի օր առաջ հեռացումը, բա ջղաձգվողներն ու լուսանցքայիննե՞րը:
Ու հայ հանրությունը դեռ չէր հասցրել փորձել հասկանալ, թե էս ի՞նչ խուճապային նամակ է հրապարակել Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ կայծակնային արագությամբ տարածվեց մեկ այլ լուր. Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպում են: Լուրին միանգամից դժվար կլիներ հավատալ, եթե չլիներ մի բայց. ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում հաստատել էին հանդիպման փաստը՝ ասելով, որ հանդիպումն իրենք են կազմակերպել՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ:
Ավելի ուշ՝ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը ծանոթ է նամակին եւ անպայման կարձագանքի: Եւ այստեղ էր, որ հասկանալի դարձավ, թե ինչու է Տեր-Պետրոսյանը շտապ հրապարակել նամակը: Տեղեկանալով, որ Գագիկ Ծառուկյանը սեպարատ բանակցությունների մեջ է մտել Սերժ Սարգսյանի հետ, Տեր-Պետրոսյանը չի կարողացել համակերպվել այն մտքին, որ ինքը դուրս է մնացել այդ պետականաստեղծ գործընթացից, ու որոշել է բարձր գոռալ. «Արա, էդ ի՞նչ եք խոսում առանց ինձ, բա ե՞ս»: Սերժ Սարգսյանն էլ մամուլի խոսնակի միջոցով պատասխանեց. «Մի աղմկեք, հարգելիս. ձեզ հետ էլ կխոսենք»: Տեր-Պետրոսյանը, ի դեպ, այդ նամակը հրապարակել է իրեն հատուկ խորամանկ ձեւով: Սերժ Սարգսյանի հասցեին խիստ հարգալից այդ նամակում նա առաջարկել է հանդիպել, քննարկել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հարցեր: Նամակի բուն տեքստից հետո էլ գրել է, թե «ցավում եմ, որ ներկա պահին, Գագիկ Ծառուկյանի, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել»։
Պարզ է, չէ՞:
Եթե Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցությունները ավարտվում են հաշտությամբ, ինչի մասին երեկ համացանցում տասնյակ լուրեր էին պտտվում, նշանակում է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Բարեւագիր, կարոտագիրը» նորից մտնում է ուժի մեջ, որովհետեւ այդ տիտանական գաղափարի միակ խոչընդոտը Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների նկատմամբ իրականացվող ռեպրեսիաներն են: Ռեպրեսիաները ավարտվեն, ուրեմն Տեր-Պետրոսյանի եւ Սարգսյանի հանդիպման եւ համագործակցության առաջարկը նորից մտնում է ուժի մեջ: Եւ այդ պարագայում հայ ժողովուրդը պետք է ցնծա, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, ուս-ուսի տված, ազգը կփրկեն կործանումից, ինչպես դա արել են նախորդ 25 տարիների ընթացքում»:
Ավելի մանրամասն` «ՀԺ»-ի այսօրվա համարում: