Վիկտորյա Նուլանդը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի ու վարչապետի հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն իր մեկօրյա վրացական այցի շրջանակներում հանդիպումներ է ունենալու պետության առաջին դեմքերի հետ:
Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Նուլանդը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարագվելաշվիլու, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու, արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու ու արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի հետ:
Բացի այդ, նա հանդիպումներ կունենա վրացական ընդդիմության առաջնորդների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ պաշտոնական հանդիպումներում քննարկվելու են Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցը, երկրի ու տարածաշրջանի անվտանգության մարտահրավերները, ինչպես իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված Վրաստանի ջանքերը:
Նուլանդը Վրաստան է այցելում իր հարավկովկասյան շրջագայության շրջանակներում, որը մեկնարկել է Ադրբեջան կատարած այցից: Նուլանդը Վրաստանից կմեկնի Հայաստան: