Քոչարյանը բեռն իր վրա կվերցնի չափազանց ստիպված իրավիճակում. Աշոտ Գրիգորյան
«ՀՀ երկրորդ նախագահը կնախընտրեր չվերադառնալ մեծ քաղաքականություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵԱՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը` անդրադառնալով ներկայիս ներքաղաքական զարգացումներին: Աշոտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքը և իր ղեկավարած ֆորումը միանալու և սատարելու են Եռյակի գործողությունները: Անդրադառնալով Քոչարյան-Ծառուկյան ասոցիացումներին և Քոչարյանի վերադարձի մասին խոսակցություններին` ասաց, որ զարմանում է, երբ մարդիկ նույնացնում են այս երկու գործիչներին: Ըստ նրա` Ծառուկյանը բացարձակ անկախ գործիչ է դարձել՝ իր բավականին կտրուկ մոտեցումներով: «Իմ կարծիքով` այլ բան է, որ ոչ միայն հասարակական գործիչ Աշոտ Գրիգորյանը, այլև Քոչարյանը, շատուշատ հասարակական գործիչներ կմիանան Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին: Միանալ Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին պարտավոր է ցանկացած ակտիվ հասարակական գործիչ, որովհետև առանց այդ գործընթացների՝ երկիրը մղվում է դեպի վերջնական փակուղի: Ուստի, եթե Քոչարյանը հարմար կգտնի միանալ այդ գործընթացներին, ինչպես մեր ֆորումը, ապա դրանից միայն կօգտվի Հայաստանը, կօգտվի երկիրը, կօգտվի ժողովուրդը, որովհետև ամեն մեկը կարող է մի բան ավելացնել և ճշտում մտցնել մեր երկրի ապագայի ճիշտ կառուցման հարցերում»,- մեկնաբանեց նա` շարունակելով, թե իր կարծիքով՝ Քոչարյանը մտահոգված է Հայաստանի ապագայով, բայց կգերադասեր, որ ապագայում ՀՀ-ն ունենար զարգացած, արհեստավարժ, համաշխարհային քաղաքականությանն ու տնտեսությանը ծանոթ երիտասարդ ղեկավար: «Ինչպես Գագիկ Ծառուկյանը մի անգամ ասաց, եթե ոչ մեկն իր վրա չվերցնի այդ բեռը, ապա, իմ կարծիքով՝ Քոչարյանը կարող է գնալ դրան և այդ բեռի տակ մտնել: Քոչարյանը բեռն իր վրա կվերցնի չափազանց ստիպված իրավիճակում: Սա է իմ ընդհանուր տպավորությունը, որը ստանում եմ իրավիճակից»,- ասաց Սլովակիայում բնակվող Աշոտ Գրիգորյանը: