«Նորմանդական քառյակի» առաջնորդները կարևորել են Ուկրաինայում հրադադարի պահպանումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը, Ֆրանսուա Օլանդը և Պյոտր Պորոշենկոն երեկ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են Դոնբասի հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:
Բացի այդ, քննարկել են նաև Դեբալցովոյի շրջանում տիրող իրավիճակն ու ԵԱՀԿ-ի առաքելության դերակատարությունը հրադադարի ռեժիմի պահպանման հարցում: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Վերջնիս հաղորդմամբ՝ զրուցակիցները շեշտը դրել են հակամարտող կողմերի կողմից համապարփակ հրադադար պահպանելու և ծանր սպառազինությունը հետ քաշելու անխոս կատարման անհրաժեշտության վրա: Դոնբասում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել փետրվարի 15-ից: