Մենք ապացույցներ ունենք Ուկրաինայի արևելքում ՌԴ-ի ռազմական ներկայության մասին. Սթոլթենբերգ
Ռուսական Коммерсантъ թերթին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն փաստագրական ապացույցներ ունի Ուկրաինայի համակարտության գոտում ռուս զինվորականների ներկայության մասին.
«Հետախուզության մեր միջոցները ներկայացնում են Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին փաստագրական տվյալներ, մենք դա տեսնում ենք անկախ աղբյուրների, անկախ լրագրողների տվյալներից, այդ տեղեկատվությունը ստանում ենք ՀԿ-ներից, որոնք մեզ հայտնում են Ուկրաինայում ռուս զինծառայողների զոհվելու մասին:
Այդ մասին են վկայում նաև հակամարտության գոտում ծավալած ռազմական տեխնիկայի մասին ԵԱՀԿ-ի հաշվետվությունները: Այդ մարտական մեքենաների շահագործման համար անհրաժեշտ է ռուս ռազմական խորհրդատուների ներկայությունը:
Ռուսաստանը շատ լուրջ, զգալի աջակցություն է ցուցաբերում անջատողականներին, որոնց չէր հաջողվի հասնել նման արդյունքի: Ուկրաինայի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են ՆԱՏՕ-ին, և դաշինքը գործնական աջակցություն է ցուցաբերում ռազմական բարեփոխում իրականացնելիս:
Ուկրաինային սպառազինել-չսպառազինելու հարցում որոշումը կայացնում են ՆԱՏՕ-ի առանձին անդամ երկրները: Սակայն մեկ բան է, երբ դուք զենք եք մատակարարում օրինական կառավարությանը, և մեկ այլ բան է նրա դեմ պատերազմող անջատողականներին զենք մատակարարելը»:
Սթոլթենբերգը ողջունել է փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրա հետ մեկտեղ հիշեցնելով, որ այդպես էլ կյանքի չկոչվեցին Բելառուսի մայրաքաղաքում անցկացված սեպտեմբերյան բանակցությունների արդյունքները.
«Մեզ անհրաժեշտ են դիտարկման համար մեխանիզմներ՝ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն ապահովելու համար: Եվ այստեղ կարևոր դեր է խաղում ԵԱՀԿ-ը»: Սթոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության և հուսով է նրա հետ ունենալ կառուցողական գործընկերային հարաբերություններ: