Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ավելի քան երբևէ, այսօր քաղցկեղի, հատկապես մանկական քաղցկեղի դեմ համախմբված և միասնական պայքարի կարիք կա: Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս տարի մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային  օրվա կարգախոսն է՝ «ԳՈՐԾԵՆՔ ՀԻՄԱ քաղցկեղով հիվանդ երեխաների համար» (“ACT NOW FOR KIDS WITH CANCER”):

Համաշխարհային տվյալներով մանկական քաղցկեղային հիվանդությունների թիվն աճում է` տառա​պանքներ պատճառելով բազմաթիվ երեխաների և նրանց ընտանիքներին: Յուրաքանչյուր տարի աշխարհում հայտնաբերվում է մանկական քաղցկեղի մոտ 200,000 նոր դեպք և ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Ըստ Հայաստանյան վիճակագրական տվյալների՝ ամեն տարի Հայաստանում միջինում 80-100 երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում: Սակայն, այս հիվանդության մահացու ելքից կարելի է խուսափել վաղ կանխարգելման միջոցով:

Ինչպես մի շարք միջազգային եւ տեղական կազմակերպություններ ամբողջ աշխարհում և Հայաստանում, այնպես էլ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը փետրվարի 15-ին համախմբում է ուժերը բարձրացնելու մարդկանց իրազեկվածությունը քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման անհրաժեշտության մասին: Երեխաների բուժման բարձր արդյունավետության ապահովման կարևոր նախադրյալ է հիվանդության վաղ ախտորոշումը: Պարզապես պետք է լինել զգոն և հետևողական երեխայի առողջության հարցում:

Երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը (լեյկեմիա), 2-րդ տեղում են ավշային համակարգի չարորակ ախտահարումները (լիմֆոմաներ), 3-րդ տեղում գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են: Ավելի քիչ են հանդիպում ոսկրային, երիկամի, սեռական օրգանների քաղցկեղները: Երեխաների վահանագեղձի չարորակ կազմափոխությունը սակավադեպ հանդիպող հիվանդություններից է։ Համաձայն Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի վիճակագրության՝ այս տարի (2015թ-ին) վահանաձև գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 16 տարեկան աղջկա մոտ, ինչն անսպասելի և հազվադեպ է, քանի որ նման դեպքեր հիմնականում հանդիպում են ավելի բարձր տարիքի կանանց մոտ: Ըստ Կենտրոնի տվյալների՝ քիչ չէ կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների թիվը: Ցավոք, 0-29 տարեկան 64 այցելուների մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ:

Այսպիսով, օրվա հիմնական նպատակն է սևեռել հասարակության ուշադրությունը մանկական քաղցկեղային հիվանդությունների խնդրի վրա՝ ևս մեկ անգամ հիշեցնելով դրանց վտանգավորության, ինչպես նաև վաղ ախտորոշման և կանխարգելման անհրաժեշտության մասին, քանի որ վաղ հայտնա​բերումը նվազեցնում է հիվանդության մահացու ելքի հավանականությունը:

Հայ-ԱմերիկյանԱռողջության Կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս