«Ասեկոսեների հիման վրա մարդկանց մեղադրելը ճիշտ չէ». Գառնիկ Իսագուլյան

«Չեմ ուզում հավատալ, որ դա իր ելույթն է, չնայած արդեն բոլոր փաստերը ցույց են տալիս, որ իսկապես դա նախագահի խոսքն է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով վերջերս միացել էր ոչ իշխանական ուժերի եռյակին:

Գ. Իսագուլյանի համար տարակուսելի է, թե ինչպես կարող է ՀՀ նախագահը նման կարգի ելույթ ունենալ. «Ասեկոսեների հիման վրա մարդկանց մեղադրելը և դրանց հիման վրա այսօր Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելը, որոշելը, թե ինչ չափորոշիչներ պետք է ունենան քաղաքական գործիչները Հայաստանում, ես չգիտեմ՝ դա Սահմանադրության ո՞ր կետով է սահմանվում, կամ՝ ո՞ր օրենքով է ձևակերպված, որ հանրապետության նախագահն իրավունք ունի չափորոշիչներ դնել՝ որը քաղաքական գործիչ է, որը՝ չէ, երրորդ՝ անվանարկել մի մարդու, որին ինքը ժամանակին առաջարկել է նախագահի պաշտոն: Սրանք դրույթներ են, որոնք առնվազն տարակուսանք են առաջացնում, և ես կուզենայի, որ անձամբ ինքը՝ հանրապետության նախագահն ասեր, որ սա իր դեմ կազմակերպված սադրանք է եղել՝ շրջապատի կողմից, և ինքը պարտադրված է արել նման հայտարարություն, կամ ուղղակի հերքեր, որ այդ ամեն ինչի հետ ինքը որևէ կապ չունի»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչ կարելի է ակնկալել ներքաղաքական զարգացումներում, Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ իշխանությունը հավերժացնելու փորձերի հիմնական խոչընդոտը համարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Ըստ նրա՝ ամբողջ այս գործընթացը միտված էր մեկուսացնելու թե՛ «Բարգավաճ Հայաստանին»՝ որպես քաղաքական ուժ, թե՛ Գագիկ Ծառուկյանին՝ որպես քաղաքական գործիչ.

«Կարծում եմ, ընդհակառակը, սա շատ ավելի ուժեղ միավորման պատճառ դարձավ, և նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք որոշակի տարաձայնություններ ունեին միմյանց հետ՝ թեկուզ իշխանափոխության ուղիների հետ կապված, այժմ միասնական են, և սա ամենևին ի օգուտ իշխանությունների չի լինելու: Հետագա զարգացումները ցույց կտան, որ պատերազմ է հայտարարված ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ ամբողջ ժողովրդին, և ժողովուրդն անպայման իր պատասխանն այս բոլոր խնդիրներին կտա:

Եթե պատկերավոր ասենք՝ ձեռնոցը նետված է, ձեռնոցն ընդունված է, իշխանություններն իրենց կրակոցն արեցին արդեն, կարծում եմ՝ վրիպեցին, հիմա հերթն ընդդիմության կրակոցինն է: Հիմա արդեն ընդդիմությունն ինքը պետք է հաշվարկի իր քայլերը, և կարծում եմ՝ կրակոցը դիպուկ է լինելու»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի ԲՀԿ խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանը խոսելով երկրում առկա խնդիրների մասին՝ քննադատել էր իշխանություններին՝ ասելով. «Հաճախ մոռանալով կամ փորձելով մոռացության տալ ճչացող սոցիալական, տնտեսական խնդիրները, իշխանություններն առաջ են քաշում արհեստածին հարցեր և օրակարգեր: Իսկ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»:

Իսկ նախօրեին ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում շատ կոշտ ելույթ էր ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ և հայտարարել որոշ քայլերի մասին: Դրան հաջորդեց Ս. Սարգսյանի հրամանը՝ Գագիկ Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից ազատելու մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս