Սոս Գիմիշյան. «Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը գտնվելով ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի թիկունքում՝ պարբերաբար իշխանությունը իրար կփոխանցեն»
«Ելույթն իր մեջ մի շարք հակասություններ է պարունակում, վստահություն, որ խոսքը և գործը նույնն է լինելու` չկա»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Ս. Գիմիշյանը չի հավատում, որ իշխանությունն իսկապես ուզում է քաղաքական դաշտը վերադարձնել քաղաքական գործիչներին. «Որովհետև հենց այդ նույն իշխանությունն է ստեղծել այդպիսի դաշտ, և Գագիկ Ծառուկյանի նմաններն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն են կազմում:
Ինքը՝ իշխանությունն է Գագիկ Ծառուկյանի նման, պայքարել Գագիկ Ծառուկյանի դեմ՝ դա նշանակում է՝ ինքդ քո դեմ պայքարես: Չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն իրար դեմ պայքարելու են»:
Ս. Գիմիշյանի խոսքով՝ եթե սկզբունքային մոտեցում է Գ.Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդի կազմից դուրս բերելը, ապա պետք է նրան Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնից էլ հեռացնեն, պետք է նրան «անօրեն ճանապարհով աշխատած գումարներից էլ զրկել», Գյումրիի քաղաքապետի պաշտոնից էլ ԲՀԿ-ականին պետք է զրկել. «Կանե՞ն, չեմ հավատում»:
Հարցին՝ այդ դեպքում՝ նախագահի այդ ելույթի նպատակը ո՞րն էր, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց.
«Նպատակը հետևյալն է՝ կա իշխանություն, որին հասարակության մի փոքր հատված է ընդունում, իսկ զգալի հատվածը չի ընդունում: Պետք է ԲՀԿ-ին սարքել «լավ ընդդիմադիր», իշխանության կողմից չընդունվող կերպար ու հասարակության մեծ մասն ուղղորդել դեպի այն կողմ: Իրականում, Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը գտնվելով այդ երկու կուսակցությունների թիկունքում՝ պարբերաբար իշխանությունն իրար կփոխանցեն»:
Հարցին էլ՝ այսինքն՝ սա խա՞ղ է, և նպատակ ունեն իրենց ուզած թեկնածուի՞ն բերել իշխանության, Ս. Գիմիշյանն այսպես արձագանքեց.
«Իհարկե, իրենք նույնն են, ինչ Գագիկ Ծառուկյանը, չեն տարբերվում: Այդ դեպքում՝ ի՞նչ, իրենք իրենց դե՞մ են պայքարում: Ի՞նչ է, ինքնասպանությո՞ւն են գործելու, իհարկե՝ ոչ»:
Ս. Գիմիշյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք, ըստ նրա՝ ոչ իշխանական եռյակը նախագահի այս ելույթից հետո ավելի կոշտ քայլերի չի՞ գնա: Նա պատասխանեց, որ իշխանությունը պատահական քայլ չի անում, նա ուզում է հասարակությանը խաբել և ձևավորել թունդ ընդդիմադիր, ճնշված, հալածված կերպար, որ ժողովուրդն էլ սկսի պաշտպանել նրան. «Սա քաղաքական տեխնոլոգիա կարող է լինել»:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի ԲՀԿ խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանը խոսելով երկրում առկա խնդիրների մասին՝ քննադատել էր իշխանություններին՝ ասելով. «Հաճախ մոռանալով կամ փորձելով մոռացության տալ ճչացող սոցիալական, տնտեսական խնդիրները, իշխանություններն առաջ են քաշում արհեստածին հարցեր և օրակարգեր:
Իսկ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»:
Իսկ երեկ՝ ՀՀԿ խորհրդի նիստում, Սերժ Սարգսյանը շատ կոշտ ելույթ էր ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ և հայտարարել որոշ քայլերի մասին: Դրան հաջորդեց Ս. Սարգսյանի հրամանը՝ Գագիկ Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից ազատելու մասին: