«Նորմանդական քառյակը» մինսկյան պայմանավորվածությունները կքննարկի հաջորդ շաբաթ. Օլանդ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԵՄ-ի երեկվա գագաթաժողովից հետո հայտարարել է, որ «նորմանդական քառյակի» առաջնորդները հաջորդ շաբաթ հեռախոսազրույցի ժամանակ քննարկելու են մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հարցը:
Օլանդը հավելել է, որ դրանից մի քանի շաբաթ անց նրանք կարող են հանդիպել անձամբ. «Մտածեցինք, որ եթե հրադադարն իրագործվի ըստ պլանի, այսինքն փետրվարի 15-ից, ապա հաջորդ շաբաթ անհրաժեշտ է առնվազն հեռախոսային կոնֆերանս»:
Խոսելով Ռուսաստանին «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակրի հատկացման մասին՝ Օլանդը հայտարարել է, որ դրա համար դեռ չեն ստեղծվել պայմաններ. «Հուսով եմք, որ մի օր դրանք կկատարվեն»: Օլանդը մանրամասնել է, որ դրա համար անհրաժեշտ է, որ պահպանվի Ուկրաինայում հրադադարի մասին պայմանագիրն ու կիրառվեն մինսկյան պայմանավորվածությունները: