Դեկտեմբերի 9-ը այսուհետ Հայաստանում կնշվի որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր
Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Զաքարյանի, Զարուհի Փոստանջյանի, Կորյուն Նահապետյանի, Թևան Պողոսյանի, Շիրակ Թորոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ։ Դրանով, մասնավորապես, առաջարկվում է Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր նշել դեկտեմբերի 9-ին:
Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 9-ը որպես ամբողջ աշխարհում ցեղասպանությունների դատապարտման եւ հիշատակման օր սահմանելու անհրաժեշտությամբ, ելնելով այն հանգամանքից, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Այս կարեւորագույն փաստաթղթում տրված է ցեղասպանության, որպես մարդկության դեմ կատարվող միջազգային հանցագործության, ծավալուն սահմանումը: Կոնվենցիայում խոսվում է նաեւ ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին, որի դատապարտումը չի կորցնում իր հրատապությունը եւ պայքարը այդ չարիքի դեմ: Նախագծով հստակեցվում է նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա անվանումը:
Չնայած որոշ տեխնիկական բնույթի դիտարկումներին՝ կառավարությունը փետրվարի 12-ի նիստում հավանություն կտա նախագծին և սահմանված կարգով կներկայացնի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Դրական եզրակացության մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում։