Ռուսաստանը կորցրել է նավթի արդյունահանման ցուցանիշով համաշխարհային առաջնորդի կարգավիճակը
Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը նավթի արդյունահանման ծավալով դարձել է համաշխարհային առաջնորդ՝ գերազանցելով Ռուսաստանին: Այդ մասին նշված է Միջազգային էներգետիկ գործակալության (International Energy Agency, IEA) հաշվետվությունում:
Դրա համաձայն՝ 2014 թվականին ԱՄՆ-ը նավթի արդյունահանման օրական ծավալն ավելացրել է 1.5 միլիոն բարելով՝ դա հասցնելով մինչև 11.81 միլիոն բարելի: Մինչդեռ Ռուսաստանն այդ ցուցանիշն ավելացրել է օրական 50.000 բարելով՝ հասցնելով մինչև 10.93 միլիոն բարելի:
IEA-ն կանխատեսում է, որ ընդհուպ մինչև 2020 թվականը կմեծանա երկու երկրների միջև տարբերությունը: Ակնկալվում է, որ այդ ժամանակ Ռուսաստանում օրական կարդյունահանվի 10.37 միլիոն բարել նավթ, իսկ ԱՄՆ-ում՝ 13.96 միլիոն բարել նավթ:
IEA-ն կանխատեսում է, որ դրան կնպաստի թերթաքարային նավթի արդյունահանումը: Հաշվետվությունում նշված է, որ Ռուսաստանը նավթի օրական արդյունահանման ծավալը մինչև 2020 թվականը կնվազեցնի 560.000 բարելով: Մեկ տարի առաջ կանխատեսվում էր 200.000 բարելի աճ: