Կրեմլը ոչ մի փուլում չի աջակցի Եռյակին իշխանափոխության հարցում. Մոդեստ Կոլերով

«Կրեմլը որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ներքաղաքական անցուդարձին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և խոսակցություններին, թե Կրեմլը կաջակցի հայաստանյան ընդդիմությանը կամ Եռյակին իշխանափոխության հարցում:

Ըստ նրա, Կրեմլը Հայաստանի ոչ իշխանական եռյակի, հատկապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հռչակած գործունեության կամ իշխանափոխության ոչ մի փուլում աջակցություն չի ցուցաբերելու:

«Երբ հերթական նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդդիմության ներկայացուցիչներն ինքնուրույն կգան իշխանության, միայն այդ դեպքում Կրեմլը նրանց կնկատի և կընդունի»,- նշեց Մոդեստ Կոլերովը` շարունակելով, որ այս պահին ՌԴ իշխանություններն աշխատում են ՀՀ իշխանության հետ: Նա նաև ասաց, թե հասկանում է` որն է այդ ուժերի ուզածը:

«Եթե նրանք ներկայանում են՝ որպես ռուսամետ, դա իրենց սեփական ընտրությունն է և ոչ՝ Կրեմլի»,- ասաց Կոլերովը` ակնարկելով, թե հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան:

Խոսելով տարեսկզբից ԼՂ հակամարտության գոտում արձանագրվող լարվածության, Գյումրիի ողբերգության, Բերձորի դեպքերի և դրանց ֆոնին բարձրացած հակառուսական տրամադրությունների մասին` Մոդեստ Կոլերովն ասաց, որ ռուսական գործոն առկա է միայն Գյումրիի ողբերգական սպանությունում: Մյուս դեպքերի հետ, նրա խոսքով, ՌԴ-ն կապ չունի, և անմիտ է ռուսական գործոնը շոշափել նման հարցերում: Հակառուսական տրամադրություններ, նրա համոզմամբ, ևս Հայաստանում չկան:

«Սոցիոլոգիական հարցումները, ԶԼՄ-ների ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ հակառուսական տրամադրություններ առկա են քաղաքական դասի որոշ շրջանակներում և ԶԼՄ-ներում: Հայաստանյան բնակչության մեծ մասը Ռուսաստան է գալիս աշխատելու, եթե մարդիկ ունենային հակառուսական տրամադրություններ, կգնային գումար վաստակելու Ռումինիայում կամ Թուրքիայում: Իսկ Ռուսաստան են գալիս, քանի որ հայաստանյան բնակչության մեծամասնությունն ապրում է Ռուսաստանի հետ սերտ տնտեսական և մի շարք այլ ամուր կապերի պայմաններում, հակառուսական տրամադրությունները հասարակության մեծ մասին բնորոշ չեն: Այս տրամադրություններն ունեն քաղաքական բնույթ: Սակայն Արևմուտքին հայաստանյան այդ շրջանակների քաղաքական նվիրվածությունն անհրաժեշտ չէ, քանի որ Հայաստանը՝ որպես անկախ պետություն, ևս անհրաժեշտ չէ»,- նման կարծիք հայտնեց Մոդեստ Կոլերովը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրմանը` Կոլերովը գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունների մոտ տպավորություն է ստեղծվել, թե կարող են օգտվել Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից: «Նրանք գտնում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բարեկամության հետևանքով աշխարհում թույլ դիրքում է հայտնվել, այսինքն` Ռուսաստանի հետ սերտ գործընկերության արդյունքում Հայաստանի վրա ստվեր է ընկել:

Այս իրավիճակում Ադրբեջանը ցանկանում է ներկայացնել իրեն՝ որպես Արևմուտքի համախոհ Ռուսաստանի գործընկեր և իր թշնամի Հայաստանի դեմ պայքարում: Այս գաղափարից ելնելով` Ադրբեջանը ցանկանում է ավելիին հասնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Արևմուտքի հետ: Ես վստահ եմ, որ դա Ադրբեջանին չի օգնի, քանի որ, իմ համոզմամբ, Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ևս առաջիկայում լինելու են տարբեր մայդաններ, և Արևմուտքը փոխելու է Ալիևին իր դրածոյի հետ»,- ասաց Մոդեստ Կոլերովը:

Տեսանյութեր

Լրահոս