ՀՔԾ-ի Copy-Past-ը
Հատուկ քննչական ծառայությունում, պարզվում է, լավ են յուրացրել համակարգչային հմտությունները, մասնավորապես՝ Copy-Past անելը: Օրինակ, ավագ քննիչ Սամվել Սարգսյանը ԴԱՀԿ ծառայակիցների գործը քննելիս պարզապես Copy-Past է արել նույն ցուցմունքը՝ գրեթե աննշան փոփոխություններ կատարելով: Քննիչի թեթև ձեռքով ԴԱՀԿ երեք ծառայակիցների ցուցմունքները բառ առ բառ համընկնում են: Սա փաստում է, որ ՀՔԾ-ում, ըստ էության, լիարժեք քննություն չի իրականացվել ԴԱՀԿ ծառայակիցների կողմից տարեց կնոջ և իրավապաշտպանի նկատմամբ կիրառված բռնության գործով:
Հիշեցնենք, որ անցած տարվա մարտի 17-ին Երևանի Աբովյան փողոցում գործող կտորեղենի խանութից վտարում իրականացնելիս Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցները բռնություն էին կիրառել 75-ամյա կնոջ և «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ: Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) :
«Երբ ես ծանոթացա քրեական գործի նյութերին, պարզապես ապշել էի. ԴԱՀԿ բոլոր ծառայակիցները ոչ թե միանման, այլ բառացի նույն ցուցմունքն էին տվել: Աշխարհում դեռ չի եղել նման բան, որ երեք տարբեր մարդիկ միանգամայն նույն բառերով և նույն հաջորդականությամբ ցուցմունք տան: Ակնհայտ է, որ քննիչն ինքն է գրել բոլորի ցուցմունքները, իսկ ավելի ճիշտ՝ չի գրել, այլ կրկնօրինակել է տեքստը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:
Իրավապաշտպանը ցույց է տալիս քրեական գործի նյութերը՝ առանձնացնելով բոլոր այն էջերը, որոնք չեն տարբերվում ոչ միայն բովանդակությամբ, այլև նախադասությունների ու բառերի շարվածքով:
Copy-Past-ը քննիչ Սամվել Սարգսյանի միակ նորարարությունը չէ. նա քրեական գործի վարույթը կարճել է՝ չնայած առկա բազմաթիվ հակասությունների: Քննիչը որևէ առերես հարցաքննություն չի արել՝ ի սկզբանե վստահ լինելով, որ ԴԱՀԿ ծառայակիցները չեն չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, որ վերջիններս ոչ թե բռնություն են կիրառել, այլ պարզապես «գրկած դուրս են բերել կանանց»՝ ինչպես իրենք են նշել իրենց ցուցմունքներում:
Մարինա Պողոսյանը բռնության արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել, գործով տուժող է ճանաչվել, սակայն նորարար քննիչ Սամվել Սարգսյանը նրան չի ծանոթացրել ոչ գործի նյութերի, ոչ էլ վարույթը կարճելու որոշման հետ:
Տուժող Մարինա Պողոսյանը բողոքարկել է քրեական գործը կարճելու մասին որոշումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը նշանակված է փետրվարի 11-ին՝ ժամը 10:00-ին: «Մենք չենք բավարարվելու միայն քրեական գործի կարճման որոշումը բողոքարկելով, կդիմենք նաև Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի նրանք պարզեն, թե արդյոք այս խայտառակ թերի գործը քննիչի անգրագիտությա՞ն, թե՞ կաշառակերության արդյունքն է»,- ասում է «Վելես» հ/կ-ի նախագահը:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ քրեական գործի վարույթի իրականացման օրերին Սամվել Սարգսյանը բնակարան է ձեռք բերել էլիտար շենքում:
Իզաբելլա Թորոսյան