Ինչպես վերահսկել խոլեստերինի մակարդակը. 5 պարզ քայլ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում օրեցօր ավելանում է խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող այն մարդկանց թիվը, ովքեր պատշաճ խնամք և բուժում չեն ստանում։ Ամենասարսափելին այն է, որ այդ մարդիկ չգիտեն էլ, որ իրենց անհրաժեշտ է վերահսկել խոլեստերինի մակարդակը: Առավել ևս, չգիտեն՝ ինչպե՞ս դա անել։

Խոլեստերինի մակարդակը կարգավորելու հարցում լավագույն խորհրդատուն, անշուշտ, բժիշկն է, սակայն գոյություն ունեն պարզ քայլեր, որոնց հետևելով՝ դուք կվերահսկեք խոլեստերինի մակարդակն արյան մեջ։
Այս խորհուրդներին պետք է հետևել բժշկի ցուցումներին և նշանակած դեղերին զուգահեռ։

1. Մի՛ մոռացիր ֆիզիկական վարժությունների մասին։

Ամեն օր ամենաքիչը կես ժամ ֆիզիկական վարժություններ կատարիր։ Դա շատ օգտակար է քո առողջության համար, նաև իջեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը և մոտավորապես 10%-ով բարձրացնում է լավ խոլեստերինը։ Պարտադիր չէ, որ դու զբաղվես հոգնեցնող սպորտով և ժամանակդ վատնես պրոֆեսիոնալ մարզումների վրա։  Օրական կես ժամ զբոսանքը առողջությանը և կազմվածքին հետևելու հիանալի տարբերակ է։

2. Խուսափի՛ր հագեցած ճարպերից։

Մենք անընդհատ՝ ամեն անգամ սնունդ ընդունելիս, բախվում ենք ճարպոտ սննդի հետ։ Նախկինում համարվում էր, որ ձուն բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, սակայն այժմ նույնիսկ դրանում վստահություն չկա։
Բազմաթիվ հետազոտություններ պարզել են, որ խոլեստերինի մակարդակը բարձրանում է ճարպոտ սննդի պատճառով։

Այնպես որ, աշխատիր խուսափել ճարպոտ մթերքներից՝ տապակած սննդից, ֆասթֆուդից, սոուսներից։ Դրանք շատ վտանգավոր են մեր առողջության համար։

3. Սննդակարգիդ մեջ ընկուզեղեն ներառիր։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ընկույզի ցանկացած տեսակի և չրեղենի պարբերաբար օգտագործումն էականորեն իջեցնում է խոլեստերինը։
Սակայն մի մոռացիր, որ սրանք բարձր կալորիականություն ունեցող մթերքներ են, և մի չարաշահիր դրանք։

4. Հնարավորինս շատ բջջանյութ օգտագործիր:

Բջջանյութ են պարունակում վարսակն ու գարին։ Դրանք սպունգի էֆեկտ ունեն. իրենց մեջ են ներծծում խոլեստերինը և, բացի դրանից, օժտված են սրտի համար օգտակար հակաօքսիդանտ հատկությամբ։

5. Հրաժարվի՛ր ալկոհոլից և ծխախոտից։

Ծխախոտը սարսափելի մեծ վնաս է հասցնում թոքերիդ, բայց դա ծխախոտի հարուցած միակ խնդիրը չէ։  Ծխախոտը նաև իջեցնում է արյան մեջ, այսպես կոչված, «լավ» խոլեստերինի մակարդակը՝ նպաստելով «վատի» մակարդակի բարձրացմանը։
Պակաս վնասակար չէ նաև ալկոհոլը։
Այդ իսկ պառճառով էլ հարկավոր է իսպառ հրաժարվել ծխախոտից և չչարաշահել ալկոհոլը։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս