2015 թվականի հունվարին ռուսական շուկա վրացական գինու արտահանումը նվազել է 7.5 անգամ
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանն ընթացիկ տարվա հունվարին արտահանել է 1.343.000 շիշ (0.75 լիտր տարողությամբ) խաղողի գինի, ինչը 3 անգամ զիջում է 2014 թվականի հունվարի ցուցանիշին: Այս մասին հայտնել է Վրաստանի Գինու ազգային գործակալությունը:
Վերջինիս ներկայացուցիչն ընդգծել է, որ արտահանման այդօրինակ կտրուկ անկման հիմնական պատճառը ռուսական ռուբլու արժեզրկումն է, որի պատճառով 2015 թվականի հունվարին վրացական գինու մատակարարումները ռուսական շուկա նվազել են 7.5 անգամ:
Հունվարին ռուսական շուկա է արտահանվել 366.100 շիշ վրացական գինի (ողջ արտահանման 27.3 տոկոսը): Չնայած այդ ամենին` Ռուսաստանը դեռ շարունակում է վրացական գինու արտահանման համար մնալ որպես խոշորագույն շուկա:
Երկրորդ տեղում Ուկրաինան է, ուր հունվարին վրացական գինու արտահանման ծավալը նվազել է 2.1 անգամ` մինչև 324.500 շիշ, ինչի պատճառն Ուկրաինայում տիրող իրավիճակն ու գրիվնայի արժեզրկումը: Վրացական գինու արտահանման խոշոր շուկաների հնգյակում ընդգրկված են նաև Ղազախստանը, Լատվիան ու Լեհաստանը: