«Նաիրիտ»-ից ազատված աշխատակիցների մի մասը գործարանում կմնա մինչև փետրվարի վերջ
Փետրվարի 6-ին, ինչպես և ծանուցվել էր, «Նաիրիտ» գործարանի շուրջ 1700 աշխատակից ազատվել է աշխատանքից: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը, ով դեռ շարունակում է աշխատել, աշխատակիցների որոշ մասը մինչև փետրվարի վերջ կազատվի, քանի որ դեռ գործեր կան անելու, օրինակ, ընդունման-հանձնման աշխատանքներ, ակտերի կազմում և այլն:
«Բազմաթիվ աշխատանքներ կան, որ պետք է անել: Մարդիկ սիրով մնում են, որովհետև բոլորն էլ ուզում են գույքը նորմալ հանձնել, որովհետև ոչ մեկը վերագործարկման հետ կապված հույսը չի կտրում»,- ասաց նա:
Փետրվարից հետո, ինչպես նախատեսվել էր, 487 աշխատող կմնա գործարանում: Ըստ Հարությունյանի՝ այն մարդիկ, որ շարունակելու են աշխատել, դրա մասին հիմնականում տեղեկացված են:
Անդրադառնալով Համաշխարհայի բանկի փորձագետներին, որոնց «Նաիրիտում» սպասում էին փետրվարի 5-ին, և այդ մասին նախարար Երվանդ Զախարյանն էլ էր հայտարարել, Ա. Հարությունյանը նշեց, որ նրանք գործարան դեռ չեն եկել. «Գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նախարարն ասել է, որ անպայման գալու են, ժամկետ նշվում էր ամսի 5-ը, բայց դեռ չկան: Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրվանից ինչ-որ բաներ կլինեն»:
Նա հավելեց, որ աշխատանքից ազատվածների վերջնահաշվարկները արվում են, բայց մարդկանց չեն վճարում, միայն մեկ ամսվա աշխատավարձ Ե.Զախարյանը խոստացել է փետրվարի 25-ին: