Պուտինը, Օլանդն ու Մերկելը բանակցությունները կշարունակեն կիրակի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունները:
Կրեմլում անցկացված բանակցությունները տևել են ավելի քան հինգ ժամ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, ըստ որի` բանակցությունները եղել են կառուցողական ու բովանդակալից: Նա ընդգծել է, որ այդ բանակցությունները հանդիսացել են Կիևում Մերկելի ու Օլանդի անցկացրած բանակցությունների շարունակությունը:
Պեսկովը հավելել է, որ պատրաստվում է մինսկյան պայմանավորվածությունների գործարկման վերաբերյալ համատեղ փաստաթուղթ: Դրանում տեղ են գտել Ուկրաինայի նախագահի առաջարկները, որոնք հավելվել են Պուտինի կողմից:
Պեսկովի խոսքերով` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ուկրաինայի առաջնորդները կիրակի կանցկացնեն հեռախոսազրույցներ` ամփոփելու համար փաստաթղթի վրա տարվող աշխատանքների նախնական արդյունքները: