Պենտագոնը կասկածներ ունի, որ Պուտինը տառապում է աուտիզմով
USA TODAY-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տառապում է Ասպերգերի սինդրոմով: Ռուսաստանի նախագահի առողջության մասին զեկույցը Պենտագոնի պատվերով կազմել է ONA հետազոտական կենտրոնը:
Լրատվամիջոցը պարզաբանել է, որ Ասպերգերի սինդրոմը հանդիսանում է աուտիզմի ձևերից մեկը, ինչն էլ ազդում է Ռուսաստանի նախագահի բոլոր որոշումների վրա: Տեսանյութերի միջոցով ուսումնասիրելով Ռուսաստանի նախագահի շարժումները՝ հետազոտողներից Բրենդա Կոնորսը եկել է այն եզրակացության, որ Պուտինի մոտ առկա է նյարդաբանական ինչ-որ շեղում:
Հետազոտողներն ընդգծել են, որ չեն կարող ամբողջովին ապացուցել իրենց տեսությունն այն մասին, որ Պուտինը տառապում է Ասպերգերի սինդրոմով, քանի որ նրանք չեն կարող պատշաճ ձևով իրականացնել ախտորոշում, ինչը մասնավորապես վերաբերում է տոմոգրաֆի օգնությամբ Ռուսաստանի նախագահի ուղեղի վիճակը հետազոտելուն:
Նշենք, որ աուտիզմը համարվում է նյարդաբանական խանգարում, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում է սոցիալական հարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը։