Վարդան Օսկանյան. «Ժողովրդի համբերության բաժակը լցվել է և արդեն սկսվել է թափվել»

«Իշխանափոխությունը երբեք այսքան պահանջված չի եղել, երկրում միշտ էլ իշխանափոխության պահանջ եղել է, բայց այսքան սուր չի եղել: Այսօր կան անհատներ, որ բառի բուն իմաստով իշխում են, բայց չկա իշխանություն, որ համարժեք վարքագիծ է դրսևորում ճգնաժամային իրավիճակներում»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Ըստ նրա՝ պետությունը բիզնեսի վերածած նեղ խումբ կա, որ իր համար «դրական» արդյունքներ է գրանցում: Օսկանյանը իշխանության վարքին նայելիս՝ ակամա գալիս է եզրակացության, որ նրանց մոտ իրավիճակ փոխելու ոչ ցանկություն կա, ոչ էլ կարողություն, և չեն փոխում, որ չհրաժարվեն իրենց ունեցվածքից.

«Միամտություն է, որ իսկապես ինչ-որ բան կփոխեն: Երկրում միակուսակցականություն է հաստատվել: Փակ շղթա է ստեղծվել, երբ քաղաքական իշխանությունը տնտեսական մենաշնորհների և իրենց ենթակա ԶԼՄ-ների միջոցով են պահում: ԱԺ-ն չի արտացոլում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը»:

Ըստ Օսկանյանի, այս անհաջողությունների հիմքում նաև վերջին տարիներին իրականացված արտաքին քաղաքականությունն է ու եթե ներքինը շուտ է զգացվում, ապա արտաքինը երկար ժամանակում է դրսևորովում ու հասարակ քաղաքացու համար կարող է զգալի չլինել: Նա նշեց, որ ղարաբաղյան գործընթացը երբեք այսքան խորը փակուղում չի եղել և դա դրսևորվում է սահմանին Ադրբեջանի գործողություններում, Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումն ավելի ակնհայտ է լինելու ինչքան մոտենա 100-ամյակի օրը, իսկ Իրանի հետ հարաբերությունները բարի ցանկությունների ոլորտում են մնում:

«Կորցրել ենք Ռուսաստանի հարգանքը, կորցրել ենք Արևմուտքի վստահությունը: Այս բոլոր խնդիրների լուծումը մեկն է՝ իշխանափոխություն: Ժողովրդի համբերության բաժակը լցվել է և արդեն սկսվել է թափվել: Ժամանակ չկա հետաձգելու»,- ասաց Օսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս