Ծեծի ենթարկված լրագրողը՝ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի հետ լուսանկարների մասին. հարցազրույց. armtimes.com
Արդեն երկու օր է՝ համացանցում քննարկման առարկա են դարձել հունվարի 31-ին Բերձորում ոստիկանների կողմից ծեծի ենթարկված «Նոյյան Տապանի» լրագրող Անուշավան Շահնազարյանի լուսանկարները՝ Սերժ եւ Ռիտա Սարգսյանների, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկումների հիմնական մեխն այն է, որ կասկածի տակ է դրվում լրագրողի անկախ լինելու հանգամանքը:
armtimes.com-ը զրուցել է Անուշավան Շահնազարյանի հետ.
– Անուշավան, արդեն մի քանի օր է համացանցում հայտնվել են ձեր լուսանկարները՝ Սերժ եւ Ռիտա Սարգսյանների, Բակո Սահակյանի հետ: Ի՞նչ առիթով եք լուսանկարվել վերջիններիս հետ:
– Լուսանկարները Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի հետ արվել են նախորդ տարի՝ սեպտեմբերի 21-ին: Ես այդ ժամանակ նոր էի Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան: Ինձ Սփյուռքի նախարարությունից որպես սփյուռքահայ հրավիրել էին «ֆուրշետի», ես էլ մասնակցեցի: Ես ոչ դեմ եմ նախագահին, ոչ էլ դեմ եմ Ժիրայր Սեֆիլյանին, որովհետեւ Սփյուռքում մենք տարբերություն չենք դնում ոչ մեկի միջեւ: Ես ինքս ոչ մեկին կողմնակից չեմ, չեզոք մարդ եմ եւ լուսաբանում եմ ամեն ինչ: Լուսանկարների վերաբերյալ շատ զավեշտալի մեկնաբանություններ են պտտվում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Ասում են՝ իբր ես ոչ թե անկախ, այլ պետական լրագրող եմ, որ ծախված եմ ու որ ինձ Ղարաբաղում ծեծել են շփոթմամբ:
– Դուք լուսանկար ունեք նաեւ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Նրա հե՞տ ինչ առիթով եք հանդիպել:
– Ֆուրշետից մի քանի օր հետո կրկին միջոցառում եղավ, որին ես մասնակցել եմ, այդ լուսանկարն արվել է հենց այդ ժամանակ:
– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հունվարի 31-ին մասնակցեցիք «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ավտոերթին՝ դեպի Արցախ:
– Ես երթին մասնակցում էի՝ զուտ լուսաբանելու նպատակով: Ես Հիմնադիր խորհրդարանի անդամ չեմ:
– Անձա՞մբ եք որոշել գնալ, թե՞ խմբագիրն է գործուղել:
– Ես խմբագրությանը տեղեկացրել եմ երթի մասին, որից հետո խմբագիրս հարցրել է, թե արդյո՞ք վտանգավոր չէ դրան մասնակցելը: Ես էլ ասացի, որ դժվար թե լրագրողներին ծեծեն:
– Անուշավան, Բերձորում ոստիկանները խոչնդոտել են Ձեր մասնագիտական գործունեությունը, ծեծի ենթարկել: Պահանջելո՞ւ եք, որպեսզի քրեական գործ հարուցվի, թե՞ ոչ:
– Ոստիկանները այդ ժամանակ վերցրել են իմ ֆոտոխցիկը, ես այս պահին նրանցից միայն խնդրում եմ, որ ֆոտոխցիկն ինձ վերադարձնեն: Բայց մեղավորները պետք է պատժվեն. ոստիկանները խախտում են արել ու պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: