ՀՀԿ-ական պատգամավորը՝ բռնությունների մասին. «Ամեն մարդ պետք է իր տեղում զսպված լինի և գիտենա՝ որտեղ ինչ է խոսում» (տեսանյութ)

168.am-ը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝  ինչո՞վ է նա պայմանավորում այն, որ վերջին շրջանում քաղաքական գործիչների կամ իշխանություններից տարբերվող քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ  բռնության դեպքերը շատացել են՝ նկատի ունենալով անցյալ տարվա վերջում Նախախորհրդարանի անդամների,  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի, ազատամարտիկների և օրերս Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմաբ տեղի ունեցած բռնությունները:

ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ ինքը բռնությունների կիրառման դեպքերի շատացումը պայմանավորում է իրավունքների և պարտականությունների ոչ ճիշտ գիտակցումով՝ ցանկացածի կողմից. «Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:

Հայաստնի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն էլ նկատեց, որ թեև ինքն ու Արամ Մանուկյանը գաղափարապես տարբեր մարդիկ են, բայց չի հասկանում՝ այդ ո՞ր պարտականությունը չի կատարել Ա. Մանուկյանը. «Եթե անգամ որևէ քայլ է կատարել, այդ դեպքում քրեական գործ հարուցեք»:

Ի պատասխան Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Քրեական գործ հարուցելուց էլ բոլորը պետք է ասեն, թե դիտավորյալ քրեական գործ են հարուցում: Դրա համար ամեն մարդ պետք է իր տեղում զսպված լինի և գիտենա՝ որտեղ ինչ է խոսում, որտեղ ինչ է արտահայտում, ինչ քայլեր է անում»:

Մեր ճշտող հարցին՝ ուզում եք ասել՝ Հայաստանում բոլոր հարցերը նման ձևով պետք է լուծվե՞ն, Ս. Ավետիսյանն այսպես պատասխանեց.

«Ոչ, ամեն ինչ պետք է լուծվի օրենքի սահմաններում»:

 

Տեսանյութեր

Լրահոս