Բաժիններ՝

Ես հիստերիայի մեջ էի, որ իմ բանկային հաշվեհամարը կարող էր դրվել կալանքի տակ. Սաակաշվիլի

Ուկրաինական Censor պորտալին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել պահպանել իր փողերը, որոնք կարող էին երկրի իրավապահների կողմից դրվել կալանքի տակ՝ կապված բյուջետային միջոցները վատնելու գործի հետ:

Սաակաշվիլին հայտնել է, որ պաշտոնական մեկ հաշվեհամար է ունեցել ֆրանսիական բանկում՝ կնոջ մոտ. «Ես հիստերիայի մեջ էի, որ դա կարող էր դրվել կալանքի տակ: Բացեմ մի փոքր գաղտնիք: Ես ամեն օր Նյու Յորքում մտել եմ բանկ և քիչ-քիչ դուրս եմ բերել փողերը՝ այդպիսով հանելով իմ 100.000 դոլարը: Դրանք իսկապես եղել են իմ ընտանիքի բոլոր կուտակումները:

Այդ հաշվեհամարը ես բացել եմ դեռևս այն ժամանակ, երբ հանդիսանում էի ԵԽԽՎ-ի փոխնախագահ: Եվ այդ հիմարները, որոնք հետապնդում են ինձ, պարզապես կարող էին կալանք դնել և դրանով իսկ իրեն թողնել առանց գումարի:

Բայց քանի որ նրանք համարեցին, որ 100.000-ը ծիծաղելի գումար է և սկսեցին փնտրել իմ գոյություն չունեցող խոշոր հաշվեհամարները, դրանով իսկ ինձ հնարավորություն ընձեռեցին ապրել այդ գումարներով, քանի դեռ ես աշխատանք չեմ գտել: Ես ամեն առավոտյան արթնանում էի վախի մթնոլորտում, որ նրանք մաքուր տեխնիկական ընթացակարգով կարող են կալանք դնել հաշվեհամարի վրա»:

Վրաստանի Գլխավոր դատախազությունը Սաակաշվիլուն մեղադրել է 8.837.000 լարի (ավելի քան 5 միլիոն դոլար) վատնելու մեջ: Խոսքը գնում է պետական պահպանման հատուկ ծառայության բյուջետային միջոցների մասին: Սաակաշվիլուն դրա համար սպառնում է 11 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս