Ռուսաստանը ցորենի արտահանման համար մաքսատուրք է սահմանել
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանը փետրվարի 1-ից մաքսատուրք է սահմանում ցորենի արտահանման վրա: Այն կազմում է մաքսային արժեքի 15 տոկոսը՝ գումարած 7.5 եվրո, սակայն մեկ տոննայի համար առնվազն 35 եվրո:
Կառավարության համապատասխան հրամանագիրը ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Արտահանման մաքսատուրքը կգործի մինչև ընթացիկ տարվա կեսեր: Այդ միջոցը կոչված է կայունացնել հացահատիկի ներքին շուկայի վիճակը, ուր վերջին ամիսներին գրանցվել է զգալի գնաճ:
Համաշխարհային շուկայի բարձր գներն ու արժութային տատանումներն արագացրին հացահատիկի արտահանումն ու հանգեցրին երկրի ներսում հացահատիկի գնի էական աճին՝ չնայած գրեթե ռեկորդային բերքահավաքին:
2014 թվականին Ռուսաստանում հացահատիկի բերքահավաքը կազմել է 105 միլիոն տոննա: Հացահատիկի պահուստային ընդհանուր պաշարները կազմում են 118 միլիոն տոննա: Երկրի ներքին պահանջարկը կազմում է մոտ 70 միլիոն տոննա:



