Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մեկնել Ստեփանակերտ և քննարկել Բերձորում տեղի ունեցած բռնությունը (տեսանյութ)
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի 2015 թ. նստաշրջանի առաջին նիստը: Օրակարգի հաստատման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դատապարտեց հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած բռնությունը:
«Իմաստ ունի, որ քննարկենք ԱԺ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն ստեղծելու հարցը, որ կմեկնի Ստեփանակերտ և կքննարկի տեղի ունեցածը»,- ասաց նա:
ԱԺ փոխոխսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց միայն օրակարգի վերաբերյալ ելույթ ունենալ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կքննարկի հարցը ԼՂ իր գործընկերոջ հետ. «Կարծում եմ՝ միջադեպի առիթով Ղարաբաղի Հանրապետության պատկան մարմինները զբաղվում են, կփորձեմ այդ ինֆորմացիան որոշակի վերլուծությունների ենթարկել և կարձագանքեմ նաև Ձեր առաջարկին»:
Քիչ անց Ն.Փաշինյանը կրկին ձայնի իրավունք վերցրեց ու կրկնեց, որ պետք է պատվիրակություն կազմել ու մեկնել՝ քննարկելու համար, թե ինչ է պետք ձեռնարկել Բերձորի միջադեպի հետևանքները չեզոքացնելու համար: Ըստ նրա՝ բացասական արձագանքի ռիսկեր կան թե՛ ՀՀ ներսում, թե՛ դրսից:



