400 միլիոն դոլար մինչև 2029 թվականը. Թրամփն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը ձգձգում է մինչև իր պաշտոնավարման ավարտը
ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է, որ Ուկրաինային նախկինում հատկացված 400 միլիոն դոլարի ռազմական օգնության վերջնական յուրացումը կավարտվի միայն 2029 թվականին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի՝ օրենսդիրներին ուղղված նամակին: Այսպիսով, միջոցների լիարժեք փոխանցումը ձգձգվում է տարիներով և այն տեղի կունենա արդեն Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո:
Նամակում ներկայացված պլանի համաձայն՝ 200 միլիոն դոլարը կուղղվի սպառազինությանը և զինամթերքին, մոտ 100 միլիոն դոլարը՝ տրանսպորտային միջոցներին ու պահեստամասերին, ևս 100 միլիոն դոլարը՝ լոգիստիկային և առաքմանը: Սակայն, ըստ Reuters-ի տվյալների, նամակն ուղարկելուց երկու ամիս անց այդ գումարները դեռևս հատկացված և ամրագրված չեն պայմանագրերում:
«Երկու աղբյուր հայտնել են, որ Կոնգրեսի անդամները դժգոհ են Պենտագոնի սահմանած ժամանակացույցից, որը շարունակվող հակամարտության պայմաններում համարում են չափազանց դանդաղ»,-փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Թրամփի հետ հանդիպմանը քննարկվել են Patriot համակարգերի համար նախատեսված որսիչ հրթիռների արտադրության լիցենզիաների տրամադրման հարցերը:

