ԱՄՆ-ը և ԱՄԷ-ն արհեստական բանականության զարգացման առաջին համատեղ ռազմական խումբը կստեղծեն
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համաձայնագրի մասին՝ արհեստական բանականության վրա հիմնված ռազմական տեխնոլոգիաների արագացված զարգացմամբ զբաղվող առաջին երկկողմ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ։
Նոր կառույցը ստացել է Task Force Talon Synapse անվանումը և պետք է պաշտոնապես աշխատանքը սկսի առաջիկա շաբաթներին։ Խմբի շտաբը կտեղակայվի Աբու Դաբիում։ Դրա կազմում կընդգրկվեն արհեստական բանականության, տվյալների վերլուծության և կիբեռանվտանգության ոլորտի շուրջ 20 ամերիկացի և էմիրաթցի մասնագետներ։
«Դա պատմական փուլ կդառնա տարածաշրջանային ամենաունակ գործընկերներից մեկի հետ մեր համագործակցության մեջ։ Մենք ձգտում ենք արագորեն ներդնել ԱԲ ոլորտի նոր ձեռքբերումները՝ մեր զինծառայողներին աջակցելու համար»,- հայտարարել է CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուպերը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և ԱՄԷ-ն կիսում են ռազմական գործողությունների արդյունավետության բարձրացման և նորարարությունների արագացման նպատակով արհեստական բանականության տեխնոլոգիաներն օգտագործելու ձգտումը։
Նման խմբի ստեղծման գաղափարը քննարկվել էր դեռևս անցյալ տարի՝ ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բին Զայիդ Ալ Նահայանի հետ Կուպերի բանակցությունների ընթացքում։ Հունիսին CENTCOM-ի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել ԱԲ ոլորտի ընկերությունների ղեկավարների և էմիրաթական պաշտպանական կառույցների հետ։
Task Force Talon Synapse-ի աշխատանքի հիմնական ուղղությունները կդառնան արհեստական բանականության ինտեգրումը հետախուզական աջակցության համակարգերում, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը և տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակի մոնիթորինգը։

