Ռուսաստանն ու Իրանը քննարկել են ուկրաինական հարձակումը իրանական նավի վրա
Հուլիսի 26-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ռուսաստանի նախարարը անկեղծ ցավակցություն է հայտնել իրանցի նավաստու մահվան կապակցությամբ, որը տեղի է ունեցել հուլիսի 25-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից Իրանի սեփականություն հանդիսացող «Անա» չորաբեռնանավի վրա իրականացված հարձակման հետևանքով. նավը Աստրախանից դուրս էր եկել քաղաքացիական բեռով։
Լավրովը խնդրել է զոհվածի հարազատներին ու մերձավորներին փոխանցել աջակցության խոսքեր և մաղթել է շուտափույթ ապաքինում տուժածներին։
Արաղչին շնորհակալություն է հայտնել Աստրախանի իշխանություններին՝ հարձակման ենթարկված նավի անձնակազմին օգնություն ցուցաբերելու համար և ընդգծել է Կիևի ռեժիմի նմանատիպ արկածախնդրությունները կանխելու անհրաժեշտությունը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լավրովին տեղեկացրել է շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքում լարվածության ապաէսկալացիային և առաջացել են Միացյալ Նահանգների՝ Իսլամական Հանրապետության վրա հարձակման հետևանքով», — հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

