Արդյո՞ք Բորիս Ջոնսոնը կաշառքի դիմաց է տապալել Ուկրաինայի խաղաղությունը

Հուլիսի 21-ին X հարթակում արված գրառման մեջ Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը իբր գումարի դիմաց «տապալել է» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման ջանքերը: Ինքը՝ Բ. Ջոնսոնը, հերքել է այս պնդումները` այդ պնդումները որակելով որպես «ռուսական քարոզչություն»։

Կիրիլ Դմիտրիևի պնդմամբ` Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը տապալել է համաձայնագրի նախագիծը այն բանից հետո, երբ ռազմական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունից ստացել է 1 միլիոն ֆունտ ստեռլինգի (1,17 միլիոն եվրո) չափով նվիրատվություն։

Հիշեցնենք, Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հուլիսի 21-ին X հարթակում հրապարակում էր արել՝ պնդելով, թե Ջոնսոնը «սաբոտաժի է ենթարկել» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «արդեն ստորագրման պատրաստ» խաղաղ բանակցությունները. խոսքը, ըստ ամենայնի, 2022 թվականի մարտին ձախողված ստամբուլյան բանակցությունների մասին է։

Euronews-ը փորձել է պարզել իրականությունը:

Կարդացեք նաև

«Փոքրիկ հիշեցում. Բորիս Ջոնսոնը տապալեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրման պատրաստ խաղաղ համաձայնագիրը այն բանից հետո, երբ 1 միլիոն ֆունտ ստեռլինգի նվիրատվություն ստացավ ռազմական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունից»,-գրել էր նա X-ում:

Դմիտրիևն իր այս հայտարարությամբ արձագանքել էր Ջոնսոնի՝ X-ում արված գրառմանը, որում վերջինս Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Էդ Միլիբենդին մեղադրել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժմանն «ուղին հարթելու» մեջ՝ հղում անելով վերջինիս նախկին դիվանագիտական այն քայլերին, որոնք ձեռնարկվել էին ձախակողմյան Լեյբորիստական կուսակցությունը ղեկավարելու տարիներին:
Ըստ Euronews-ի` «Անօդաչու սարքեր արտադրող» ասելով՝ Դմիտրիևը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի բրիտանացի գործարար, քաղաքական նվիրատու և ներդրող Քրիստոֆեր Հարբորնին, որը բաժնեմաս ունի մի ընկերությունում, որը, ըստ հաղորդումների, Ուկրաինային ռազմական սարքավորումներ է մատակարարում։
2022 թվականի նոյեմբերին՝ Ջոնսոնի պաշտոնը թողնելուց երկու ամիս անց, Հարբորնը նախկին վարչապետին 1 միլիոն ֆունտ ստեռլինգի նվիրատվություն է փոխանցել։
Euronews-ի տեղեկացմամբ` արտահոսած փաստաթղթերի համաձայն՝ հետագայում ներդրողն ուղեկցել է Ջոնսոնին Ուկրաինա կատարած ուղևորության ժամանակ, որտեղ նրանք հանդիպել են բարձրաստիճան պաշտոնյաների հետ 2023 թվականի սեպտեմբերին, ինչպես հաղորդվում է The Guardian պարբերականում 2025 թվականի հոկտեմբերի 10-ին հրապարակված հոդվածում։ Հոդվածում ներկայացված էր Հարբորնի կողմից Ջոնսոնի գրասենյակին տրված 1 միլիոն ֆունտ ստեռլինգի նվիրատվությունը, անդրադարձ էր կատարվել նրանց համատեղ ուկրաինական այցի շուրջ առկա թափանցիկության խնդիրների վրա։
Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ ևս կտրականապես հերքել էր այն պնդումները, թե Ջոնսոնը փորձել է տապալել ստամբուլյան բանակցությունները՝ ստիպելով իրեն հրաժարվել համաձայնագրից, և դրանք «անտրամաբանական» էր որակել։

«Ուլտիմատումներով ուղեկցվող մի քանի մոտեցում է եղել, և ես երբեք դրան համաձայնություն չեմ տվել»,-2025-ի փետրվարին The Guardian-ին տված հարցազրույցում նշել էր Զելենսկին։ «Սա պարզապես տրամաբանության մեջ չի տեղավորվում. կոնկրետ ինչի՞ց պետք է նա (Ջոնսոնը) մեզ հետ պահեր»։

Հրապարակման պատրաստեց 168.am

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031