Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Նախարարությունը հիշեցրել է, որ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը որակավորման փուլում վաստակել է 561 միավոր և առաջին հորիզոնականով դուրս եկել կիսաեզրափակիչ։
«Կիսաեզրափակչում Ազատյանը 6։4 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին և նվաճել եզրափակչի ուղեգիր։ Թեժ մրցակցության պայմաններում հայ մարզուհին եզրափակիչ փուլում 8։6 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ դառնալով Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն»,-հայտնել է ԿԳՄՍ-ն։
Սա Հայաստանի հավաքականի հինգերորդ ոսկին էր։ Ավելի վաղ՝ հուլիսի 23-ին շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը ոսկե ու բրոնզե մեդալներ էին նվաճել։
Հուլիսի 21-ին էլ հայ մարզիկները անհատական պայքարում 2 ոսկի էին շահել։ Տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանն էր 384 միավորով գրավել առաջին տեղը (դա աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալն էր հրաձգությունից), իսկ կանանց երիտասարդների աշխարհի առաջնությունում հրաձիգ Աիդա Ազատյանն էր 379 միավոր արդյունքով հռչակվել չեմպիոն։

