ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ եռակողմ բանակցությունների օգտին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպումից հետո։
«Ես կարծում եմ, որ ներկայիս իրավիճակը պարզորոշ ցույց է տալիս, որ 21-րդ դարում, եթե մենք իրոք ցանկանում ենք արդյունավետ վերահսկողություն սպառազինությունների նկատմամբ, այն պետք է լինի եռակողմ: Դրան պետք է մասնակցեն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը», – ասել է Ռուբիոն լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է APT հեռարձակող ընկերությունը։
Ռուբիոն նշել է, որ իր կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետն այն է, որ եթե ցանկություն կա արդի իրողություններում բանակցություններ վարել միջուկային զինանոցների սահմանափակման շուրջ, ապա դրանք պետք է ներառեն չինական կողմը, քանի որ այն սրընթաց տեմպերով մեծացնում է իր սեփական զինանոցը:

