Թրամփը մտադիր է շարունակել Իրանի հետ հակամարտությունը՝ անկախ ռիսկերից․ Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տալիս, որ մտադիր է շարունակել Իրանի հետ հակամարտությունը, թեև դա առաջացնում է շատ ամերիկացիների դժգոհությունը և Կոնգրեսի ընտրություններից առաջ բարդացնում հանրապետականների վիճակը: Այս մասին ասվում է Politico թերթում հրապարակված հոդվածում:
Թեև Թրամփը հունիսին ընդունել էր, որ վստահ չէ՝ արդյոք ամերիկացիներին դուր է գալիս պատերազմի շարունակումն ու դրա մասշտաբների ընդլայնումը, նախագահի որոշ զինակիցներ պնդում են, որ Թեհրանը թերագնահատում է քաղաքական ռիսկի գնալու նրա պատրաստակամությունը, նշվում է հրապարակման մեջ: Հոդվածում բերվում է Սիրիայում ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի կարծիքը, ով նախկինում եղել է նաև Իրաքում ու Թուրքիայում ԱՄՆ դեսպանը: Ըստ նրա՝ Թրամփը «այլ ընտրություն չունի», քան հակամարտությունը շարունակելը: «Նա փոխզիջում է առաջարկել: Նա չի հանձնվի, նույնիսկ եթե պարտվի ընտրություններում», — հավելել է Ջեֆրին՝ նկատի ունենալով նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով հանրապետականների դիրքերի թուլացման հնարավորությունը:
Պարբերականը մեջբերում է նաև «Սպիտակ տանը մոտ կանգնած» աղբյուրի խոսքերը։ Ըստ նրա՝ անցյալ շաբաթ ամերիկացի մի քանի զինվորականների զոհվելուց հետո «Թրամփի վրա ճնշումը կմեծանա, որպեսզի նա կոշտ պատասխան տա»։ «Նրա հետագա քայլերի մասին է փաստում նաև պաշտպանական ծախսերի համար Կոնգրեսին ներկայացված հսկայական հայտը։ Նա [Թրամփը] ուզում է վստահ լինել, որ ԱՄՆ-ն բավարարից ավելի շատ հնարավորություններ ունի ապագայում ցանկացած գործողություն իրականացնելու համար», — հավելել է աղբյուրը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հոդվածում, ԱՄՆ առաջնորդի զինակիցները «մտավախություն ունեն, որ նախագահի ձեռքում արագ սպառվում են միջանկյալ ընտրություններից առաջ ԱՄՆ-ին այս անհայտացող ու ծախսատար հակամարտությունից դուրս բերելու հնարավորությունները»։ «Հենց սա է ճահիճը», — նշել է աղբյուրներից մեկը։ Հոդվածում արձանագրվում է, որ հանրապետականները «մտահոգված են ընտրություններից առաջ սովորական ամերիկացիների վրա պատերազմի ունեցած տնտեսական ազդեցությամբ, քանի որ սպասվում է, որ ընտրություններում առանցքային դեր են խաղալու հենց առօրյա ծախսերին վերաբերող հարցերը»։

