««Ամենաուժեղ», «պատ ծակող» թիվ մեկ անձնագիրը Սինգապուրի անձնագիրն է, որի քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել աշխարհի 192 երկրներում». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության անձնագիրն ազատ տեղաշարժի (առանց մուտքի արտոնագրի) իրավունքի համաշխարհային վարկանիշում, Կաբո Վերդեի, Մոնղոլիայի և Զամբիայի հետ միասին զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը: Մեր երկիրը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 187 երկրների հետ, որից 64-ը կարող ենք այցելել առանց վիզայի:
Այդ մասին են վկայում Henley & Partners ընկերության հուլիսի 21-ին թարմացված տվյալները։ Ընկերությունը կազմում է իր Global Passport Ranking-ը՝ հիմնվելով այն երկրների թվի վրա, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի՝ տվյալ անձնագրով։
«Ամենաուժեղ» և ինչպես հայերս ենք սիրում ասել, «պատ ծակող» թիվ մեկ անձնագիրը Սինգապուրի անձնագիրն է, որի քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել աշխարհի 192 երկրներում: Այսիքն՝ ամենուր, առանց բացառության:
Երկրորդ ուժեղ անձնագրերը Ճապոնիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հարավային Կորեայի անձնագրերն են, որոնց կրողները կարող են ազատ այցելել 188 երկիր: Երրորդ տեղում շվեդական անձնագիրն է՝ 187 երկիր:
Ուժեղ անձնագրերի չորրորդ հորիզոնականում են Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների ու Նորվեգիայի անձնագրերը, որոնց քաղաքացիներն 186 երկիր ազատ այցելելու իրավունք ունեն:
ԱՄՆ սիթիզենությամբ հպարտացող մեր հայրենակիցների ամերիկյան անձնագրերը զբաղեցնում են վարկանիշի 10-րդ հորիզոնականը՝ 180 երկիր առանց մուտքի արտոնագրի այցելելու իրավունքով:
ՌԴ անձնագիրն այս վարկանիշում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, որը կրող քաղաքացիները կարողանում են ազատ այցելել 114 երկիր:
Նախկին Խորհրդային երկրներից (ԵՄ անդամ մերձբալթյան երկրներն առաջին տասնյակում են) առաջին դիրքերում են Ուկրաինայի անձնագիրը՝ 31-րդ տեղում է, 142 երկիր ազատ այցելությամբ): Վրաստանի անձնագիրը՝ 44-րդ հորիզոնականում է, 121 երկիր առանց վիզայի այցելելու իրավունքով: 45-րդում Մոլդովայի անձնագիրն է՝ 120 երկիր այցելելու իրավունքով: Բելոռուսի անձնագիրն առանց վիզայի այցելելու իրավունք է տալիս 78 երկրներ՝ զբաղեցնելով վարկանիշի 62-րդ հորիզոնականը: Ադրբեջանի անձնագիրը 70-րդ տեղում է՝ 67 երկիր այցելելու իրավունքով:
Աշխարհի ամենաթույլ անձնագրերը համարվում են Սիրիայի, Իրաքի, Եմենի, Պակիստանի և Աֆղանստանի անձնագրերը»:

