«Մեզ ջուր է հարկավոր, այլ ոչ թե տվյալներ». ԱՄՆ 42 նահանգներում համատարած բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ ԱԲ տվյալների կենտրոնների կառուցման. Իսկ Հայաստանին ջուր հարկավոր չէ՞

ԱՄՆ-ում բողոքի ալիք է բարձրացել՝ ուղղված արհեստական բանականության (ԱԲ) նախագծերը սպասարկող տվյալների կենտրոնների արագընթաց կառուցման դեմ։ Այս ենթակառուցվածքները ապահովում են այնպիսի տեխնոլոգիական հսկաների գործունեությունը, ինչպիսիք են Alphabet-ը (Google), Amazon-ը, Microsoft-ը և Իլոն Մասկի xAI-ը։ Ակտիվիստները պնդում են, որ նման օբյեկտները չափազանց մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում տեղական ռեսուրսների՝ մասնավորապես էներգահամակարգի և ջրամատակարարման վրա։

Ցուցարարները հանդես են եկել «Մեզ ջուր է հարկավոր, այլ ոչ թե տվյալներ» և «Ջորջիան չի քվեարկել հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնների օգտին» կարգախոսներով։ Կազմակերպիչների խոսքով՝ շարժումը համախմբել է տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց, որոնք խորապես մտահոգված են այս նոր օբյեկտների ազդեցությամբ իրենց քաղաքային և գյուղական բնակավայրերի վրա։

Ըստ Reuters/Ipsos-ի հունիսյան հարցման տվյալների՝ ամերիկացիների միայն մեկ երրորդն է պաշտպանում երկրում տվյալների կենտրոնների կառուցման ներկայիս տեմպերը, իսկ հարցվածների ընդամենը 14%-ն է հայտնել, որ կցանկանար նման օբյեկտ տեսնել իր բնակավայրում։

Իր հերթին, ոլորտի ներկայացուցիչները հերքում են քննադատությունը։ «Տվյալների կենտրոնների կոալիցիայի» նախագահ Ջոշ Լևին հայտարարել է, որ ընկերությունները շարունակում են ակտիվ համագործակցությունը տեղական իշխանությունների և բնակիչների հետ՝ նոր օբյեկտների բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու և տարածաշրջանային ենթակառուցվածքներում դրանց անվտանգ ինտեգրումն ապահովելու նպատակով։

Հայաստանին ջուր պետք չէ՞

Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ Firebird ամպային ԱԲ՝ արհեստական բանականության ընկերությունը նախատեսում է 2026 թվականին Հայաստանում բացել նոր 100 ՄՎտ հզորությամբ ԱԲ տվյալների կենտրոն։ Կօգտագործվեն Nvidia Blackwell-ի հազարավոր գրաֆիկական պրոցեսորներ՝ Հայաստանի «տեխնոլոգիական ոլորտի և գլոբալ գործընկերությունների» զարգացման և «ամբողջ տարածաշրջանում նորարարության և տնտեսական աճի նոր հնարավորություններ ստեղծելու» նպատակով։

Հայաստանի կառավարությունը նախատեսում է «Ֆայրբըրդ ԷյԱյ» ընկերությունից հինգ տարի ժամկետով ձեռք բերել 25 միլիոն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ Հայաստանում արհեստական բանականության ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման նպատակով։

Կառավարությունը, ինչպես հիշում եք, դեռ ապրիլի 30-ի նիստում որոշում էր ընդունել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել «Ֆայրբըրդ ԷյԱյ» (Firebird AI) ՓԲԸ-ին: Այդ ժամանակ նշվում էր, որ արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 26․9 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 2․6 մլրդ դրամ։
Կառավարության վերջին նիստերից մեկում չզեկուցվող հարցերի փաթեթում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է ապրիլի 30-ի N 577-Ա որոշման մեջ փոփոխություն կատարել՝ հիմնավորմամբ․ «Հաշվի առնելով, որ հայտը ներկայացնելիս ցանկում ներառված են եղել միայն այն ապրանքները, որոնց հայտի ներկայացման ժամանակ որոշված և հայտնի են եղել պարտադիր լրացման ենթակա տվյալներ՝ ներկայումս ներդրումային ծրագրի անխափան իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ ցանկը լրացնել նոր ապրանքատեսակներով (շուրջ 3,5 մլրդ դրամ արժեքով)։

Իրականացվող փոփոխության արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 30.4 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․9 մլրդ դրամ»։

Չզեկուցվող հարցերի փաթեթում ներկայացված այս նախագիծն ընդունվեց։

Կառավարությունը նշում է՝ «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է՝ Հայաստանում հիմնել տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը (Data Center), որը մասնագիտացված կլինի Արհեստական Բանականության (ԱԲ) լուծումների և բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ոլորտում: Գործունեության հիմնական տեսակն է՝ տվյալների մշակում, սերվերային տիրույթի տրամադրում և ամպային ենթակառուցվածքների սպասարկում:

Ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզում, իսկ դրա շրջանակում մինչև 2030 թ. նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031