Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի, այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից, ձեր ընտրությունից, ձեր նվիրումից. վեր կենալու և շտապելու ժամանակը հիմա է. Ռուբեն Սրբազան

Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հովվության նախաձեռնությամբ կազմակերպվել էր երիտասարդական հանդիպում-քննարկում, որին հրավիրվել էին Մասյացոտնի թեմի տարբեր ծուխերի «ջահակիր» երիտասարդներ։ «Ջահակիր» երիտասարդական շարժման նպատակն է ձևավորել երիտասարդների համախմբված համայնք, որն առաջնորդվելով Ավետարանի արժեքներով՝ կաճի հավատքի մեջ, ակտիվորեն կմասնակցի Եկեղեցու կյանքին և իր խոսքով ու գործով կշողարձակի Քրիստոսի լույսը՝ ծառայելով հայրենիքին ու եկեղեցուն։

Օրը մեկնարկեց միասնական աղոթքով, որը մասնակիցներին համախմբեց մեկ ընդհանուր հոգևոր մթնոլորտում։ Այնուհետև երիտասարդները ներգրավվեցին ծանոթության, համագործակցության և թիմային ոգու ամրապնդմանն ուղղված ինտերակտիվ խաղերում, ինչն օգնեց ստեղծել անմիջական ու ջերմ միջավայր։

«Երիտասարդ եկեղեցի» թեմայի շուրջ ծավալվեց բաց ու արդյունավետ քննարկում՝ նվիրված եկեղեցական կյանքում երիտասարդների դերին, մասնակցությանն ու ներգրավվածության հնարավորություններին։ Այս համատեքստում, սահմանված ձևաչափով, իրականացվեց նաև մասնակիցների կարիքների ու առաջարկների հավաքագրում։

Ծրագիրը շարունակվեց թեմատիկ տեսանյութի համատեղ դիտմամբ, որը նոր խորհրդածությունների ու գաղափարների առիթ տվեց։ Ընդառաջ Դվինի հովվության խնդրանքի` երիտասարդներին այցելեց նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Սրբազան Հայրը, անդրադառնալով «Երիտասարդ եկեղեցի» թեմային, իր խոսքում մասնավորապես նշեց.

«Սիրելի՛ երիտասարդներ Մասյացոտնի տիրախնամ թեմի,

Այս հանդիպման խորհրդածության առանցքում Ավետարանի մի կարճ, բայց անչափ խորիմաստ խոսք է. «Մարիամը վեր կացավ և շտապ գնաց…» (Ղուկ. Ա 39)։ Այս երկու բայերը՝ «վեր կացավ» և «շտապ գնաց», կարող են դառնալ մեր երիտասարդական շարժման ամբողջ ծրագրի խտացումը։ Ավետարանի լեզվով «վեր կենալը» պարզապես տեղից բարձրանալը չէ։ Դա ներքին արթնացումն է, հոգևոր նորոգությունը, հարության կյանքին մասնակցելու առաջին քայլը։ Այն մարդու ներսում տեղի ունեցող անցումն է՝ վախից դեպի վստահություն, ինքնամփոփումից դեպի սիրո հաղորդակցություն, անտարբերությունից դեպի առաքելություն։ Իսկ «շտապ գնալը» վկայում է, որ Աստծուն հանդիպած մարդն այլևս չի ապրում միայն իր համար. նա շտապում է այնտեղ, որտեղ իր ներկայությունը կարող է դառնալ օրհնություն, մխիթարություն և կյանքի վկայություն։ Մարիամը կարող էր մտածել միայն իր մասին։ Նրա կյանքը մեկ ակնթարթում փոխվել էր։ Սակայն նա չփակվեց իր մտահոգությունների մեջ։ Նա վստահեց Աստծուն և ճանապարհ ընկավ ծառայելու։

Սիրելի՛ երիտասարդներ,

Այսօր մեր հայոց աշխարհը կարիք ունի երիտասարդների, որոնք ոչ թե հանդիսատեսներ են, այլ մեր կյանքի ու արդի պատմության կերտողները։ Մեզ անհրաժեշտ են երիտասարդներ, որոնք չեն ապրում միայն սոցիալական ցանցերի «հավանումներով», այլ ձգտում են իրական հանդիպման, իրական ընկերության, իրական ծառայության։

«Ջահակիր» անունը պատահական չէ ընտրված։ Ջահը երբեք ինքնանպատակ չի վառվում։ Այն լուսավորում է ուրիշների ճանապարհը։ Դուք կոչված եք լինելու Քրիստոսի լույսի ջահակիրները՝ ձեր ընտանիքներում, դպրոցներում, համալսարաններում, աշխատավայրերում և ձեր համայնքներում։

Սակայն հիշե՛ք. պարզապես մի նոր կազմակերպություն չէ, որ ստեղծվում է։ Ձևավորվում է շարժում՝ երիտասարդների համայնք, որը կապրի Սուրբ Հոգու առաջնորդությամբ, կներշնչվի Սուրբ Գրքից, կսնվի Սուրբ Պատարագից՝ ի խնդիր ծառայության մեր համբուրելի եկեղեցուն ու մեր սիրասուն հայրենիքին։

Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի։ Այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից, ձեր ընտրությունից, ձեր նվիրումից։ Մեր տեսլականն է, որ «Ջահակիր» երիտասարդական շարժման միջոցով Մասյացոտնի թեմի յուրաքանչյուր հովվություն դառնա կենդանի հավատքի ընտանիք, որտեղ երիտասարդը ոչ միայն կընդունվի, այլև կաճի Քրիստոսի ճանաչողության մեջ, կծառայի և կբացահայտի իր կոչումը։

Երիտասարդական ձեր միությունները թող լինեն այնպիսի վայրեր, որտեղ ոչ ոք իրեն անտեսված կամ միայնակ չի զգա, որտեղ ամեն երիտասարդ կկարողանա բացահայտել Աստծուց ստացած իր պարգևը և այն ծառայեցնել եկեղեցու և հայրենիքի շենացմանը։ Մի՛ մոռացեք՝ աշխարհն այսօր առավել քան երբևէ կարիք ունի ոչ թե բարձր ձայների, այլ լուսավոր կյանքերի։ Մարդիկ ավելի շուտ կհավատան ձեր ապրած Ավետարանին, քան ձեր արտասանած խոսքերին։ Ուստի նախ դուք եղե՛ք այն լույսը, որը ցանկանում եք փոխանցել ուրիշներին։

Սիրելի՛ երիտասարդներ,

Վեր կենալու և շտապելու ժամանակը հիմա է։ Մեր ժողովրդի, մեր եկեղեցու և մեր հայրենիքի լուսավոր ապագան մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե ձեր երիտասարդությունը ինչպիսի խորը հավատքով, մաքրությամբ և հանձնառությամբ կապրեք։

«Ջահակիր» անունը թող լինի ոչ միայն ձեր շարժման անվանումը, այլև ձեր ինքնության դրոշմը։ Կրե՛ք ձեր սրտերում Քրիստոսի լույսը և տարե՛ք այնտեղ, որտեղ տիրապետում է խավարը, հուսահատությունը, պառակտման ավերը։ Դեռատի Աստվածամոր նման վեր կացե՛ք և շտապե՛ք՝ Քրիստոսին տանելով մարդկանց, և մարդկանց բերելով Քրիստոսի մոտ։

Թող Տերն օրհնի ձեր ճանապարհը, Սուրբ Հոգին առաջնորդի ձեր քայլերը, իսկ Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը պահապան լինի «Ջահակիր» երիտասարդական շարժման յուրաքանչյուր անդամի և Մասյացոտնի թեմի բոլոր երիտասարդներին։

Աստված թող շնորհազարդի ձեր կյանքն ու առաքելությունը»։

Քննարկումների փուլն ավարտվեց նոր առաջարկների արձանագրմամբ և հաջորդ հանդիպման պլանավորմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031