ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ
Միացյալ Նահանգների Կոնգրեսում ներկայացվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված տարբերակը, որը նախատեսում է մինչև 100 տոկոս մաքսատուրք սահմանելու հնարավորություն ռուսական նավթի խոշորագույն գնորդ հինգ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։
Հանրապետական և դեմոկրատ սենատորները երեկ հրապարակել են օրինագիծը, որը նպատակ ունի պատժամիջոցներ կիրառել ռուս պաշտոնյաների, ռազմական հրամանատարության, բանկերի և ռուսական էներգետիկ ոլորտի դեմ։ Բացի այդ, փաստաթուղթն առաջարկում է ճնշում գործադրել Կրեմլի հետ համագործակցողների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի վրա՝ նվազեցնելու նրանց կախվածությունը ռուսական նավթից։ Մաքսատուրքեր են նախատեսված նաև ռուսական գազի հինգ խոշորագույն գնորդների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Ճապոնիայի և Հունգարիայի համար։
Նախագիծն առաջ էր տանում սենատոր Լինդսի Գրեհեմը, ով շաբաթ օրը հանկարծամահ եղավ: Դրանից մեկ օր առաջ՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ, սենատորը հայտարարել էր, որ այս հարցում օրինագծի հեղինակները համաձայնության է եկել նաև նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Մենք բավականին վստահ ենք, որ այն կընդունվի», – Reuters-ին ասել են Սենատից։
Օրինագծի նախնական տարբերակը ներկայացվել էր մեկ տարի առաջ՝ 2025 ի ապրիլին։
Նոր տարբերակը ռուսական նավթի և բնական գազի հինգ խոշոր գնորդների նկատմամբ առաջարկվող 500 տոկոս մաքսատուրքերի փոխարեն առաջարկում է առավելագույնը 100 տոկոս մաքսատուրք, նաև թույլ է տալիս բացառություն անել այն երկրների համար, որոնք ներմուծում են Ռուսաստանի գազի արտահանման 15 տոկոսից պակաս և էական քայլեր են ձեռնարկում այդ ներմուծումը կրճատելու համար․ այս բացառությունից կարող են օգտվել, օրինակ, Ճապոնիան, Ֆրանսիան, Հունգարիան և Բելգիան, նշում է Reuters-ը։
Օրինագծի նոր տարբերակը նաև ներառում է մի դրույթ, ըստ որի նախագահ Թրամփը կարող է չեղարկել պատժամիջոցները, եթե համարի, որ դա բխում է ԱՄՆ ազգային շահերից։
Երեկ, խոսելով այս նախաձեռնության մասին, Սպիտակ տան ղեկավարը վստահություն էր հայտնել, որ այն կընդունվի Կոնգրեսում: «Սա Լինդսիի պատվին է։ Սա նրա ոճն էր։ Նա ուզում էր սրան հասնել ամեն ինչից առավել, և կա մեծ հավանականություն, որ այդպես էլ կլինի», – ասել է Թրամփը՝ նոր պատժամիջոցները որակելով որպես դժոխային։
ՌԴ նախագահի խոսնակը, արձագանքելով ԱՄՆ նախագահին, ասել է, թե Կրեմլն արձանագրում ու վերլուծում է Թրամփի հայտարարությունները և կմեկնաբանի «ըստ իրադարձությունների զարգացման»։ Միաժամանակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Ռուսաստանն ազդանշաններ է ստանում, որ Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել աջակցությունը ուկրաինական հակամարտության կարգավորմանը, երբ լուծի Պարսից ծոցում առկա խնդիրները։
«Իհարկե, ամերիկացիները ներկայումս կենտրոնացած չեն ուկրաինական հակամարտության վրա։ Միևնույն ժամանակ, մենք անընդհատ ազդանշաններ ենք ստանում, որ նրանք դեռևս պատրաստ են օգնել, երբ կկարգավորեն իրենց խնդիրները», – ասել է Պեսկովը։

