Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին մասնակցող բոլոր 11 կուսակցությունները փաստաթղթեր են ներկայացրել ԿԸՀ
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Պետական դումայի պատգամավորների ընտրություններին մասնակցել ցանկացող վերջին կուսակցության փաստաթղթերը։ Կիրակի անհրաժեշտ թեկնածուների ցուցակներն է ներկայացրել Ռուսաստանի «Կանաչներ» էկոլոգիական կուսակցությունը, հաղորդում է РИА Новости-ն։
Կուսակցության պատվիրակությունը՝ համանախագահներ Ալեքսանդրա Կուձագովայի և Ռուսլան Խվոստովի գլխավորությամբ, ԿԸՀ է փոխանցել փաստաթղթեր՝ թեկնածուների դաշնային ցուցակը, ինչպես նաև միամանդատ ընտրատարածքներով թեկնածուների ցուցակը հաստատելու համար։
Ավելի վաղ՝ հուլիսի 5-ի համագումարում, կուսակցությունը հաստատել էր դաշնային ցուցակում ընդգրկված 263 թեկնածուի և միամանդատ ընտրատարածքներով ընտրություններին մասնակցելու համար 135 թեկնածուի։
Այսպիսով, Պետդումայի ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած բոլոր 11 քաղաքական կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։ Դրանց թվում են խորհրդարանական կուսակցությունները՝ «Եդինայա Ռոսիա»-ն, ԿՊՌՖ-ը (Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական Կուսակցություն), ԼԴՊՌ-ը (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական Կուսակցություն), «Նոր մարդիկ»-ը և «Արդար Ռուսաստան»-ը, ինչպես նաև ոչ խորհրդարանական կուսակցությունները՝ Կենսաթոշակառուների կուսակցությունը, Ուղիղ ժողովրդավարության կուսակցությունը, «Յաբլոկո»-ն, «Ռուսաստանի կոմունիստներ»-ը, «Ռոդինա»-ն և «Կանաչներ»-ը։
ԿԸՀ-ն արդեն հաստատել է մի շարք կուսակցությունների, այդ թվում՝ ԼԴՊՌ-ի, ԿՊՌՖ-ի, «Եդինայա Ռոսիա»-ի, «Նոր մարդիկ»-ի, «Յաբլոկո»-ի և Կենսաթոշակառուների կուսակցության ցուցակները։
Իններորդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունները նշանակված են 2026 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ դրանք անվանել էր երկրի ներքաղաքական կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը։

