Իրանն ու ԱՄՆ-ը հնարավոր է մինչև շաբաթվա վերջ կարգավորեն տարաձայնությունները Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանն ու ԱՄՆ-ը հնարավոր է Հորմուզի նեղուցով անցման հարցի շուրջ համաձայնության գան արդեն ընթացիկ շաբաթվա վերջին:
«Հորմուզի նեղուցի բացումը կարևորագույն պայմաններից մեկն էր: Կողմերը գործում էին այդ ուղղությամբ, սակայն գործնականում տարբեր կերպ էին ընկալում տեղի ունեցող գործընթացները: Կողմերից մեկը համարեց, որ որոշակի գործողություններ ձեռնարկվում են առանց իր գիտության, ինչից հետո տեղի ունեցան հարձակումներ նավերի վրա, սկսվեց էսկալացիա և նեղուցի շրջափակում»,- TRT հեռուստաալիքի եթերում ասել է Ֆիդանը:
Ըստ նրա՝ նեղուցում նավագնացության կարգավորումը պետք է հիմնված լինի կողմերի փոխադարձ ըմբռնման վրա: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական շփումներից հետո հարաբերական անդորրի շրջան է սկսվել, իսկ այժմ անհրաժեշտ է վերականգնել պայմանավորվածությունները:
«Կարծում եմ՝ նեղուցով անցման վերաբերյալ տարաձայնությունների լուծումը կարող է գտնվել մինչև հանգստյան օրերը»,- հայտարարել է Ֆիդանը:
Նա ընդգծել է նաև, որ Հորմուզի նեղուցի օգտագործման հարցը շոշափում է մի քանի երկրների շահերը: Ըստ նախարարի՝ մի կողմում Իրանն է, իսկ մյուս կողմում՝ Օմանը, ընդ որում՝ երկու երկրներն էլ իրենց տարածքային ջրերի սահմաններում ունեն իրավունքներ։ Դրանց միջև գոյություն ունի նաև միջազգային ջրերի հատված՝ մոտ 20 մղոն երկարությամբ, որի օգտագործման կարգավիճակը համաձայնեցում է պահանջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է լայնամասշտաբ հարվածները Իրանին՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովմանն առնչվող պայմանավորվածությունները խախտելու մեջ: Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտներին:

