ԵՄ-ը հրաժարվել է վիզաների ամբողջական արգելքից ռուսական բանակում ծառայած բոլոր անձանց համար
Եվրամիության երկրները համաձայնեցրել են ռուսաստանցի զինծառայողներին վիզաների տրամադրման արգելքի նոր տարբերակը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակում, հայտնել է Euractiv-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Սկզբում Եվրահանձնաժողովն առաջարկում էր արգելել մուտքը Եվրամիություն Ռուսաստանի այն բոլոր քաղաքացիների համար, որոնք ծառայել են զինված ուժերում կամ մասնակցել են մարտական գործողություններին Ուկրաինայում։ Euronews-ի տվյալներով՝ նախաձեռնության նախնական տարբերակը վերաբերում էր բոլոր նրանց, ովքեր որևէ դեր են ունեցել Ռուսաստանի զինված ուժերում, ներառյալ վարչական և լոգիստիկ գործառույթները։ Բացառություն նախատեսվում էր միայն ռուսական բանակից դասալքվածների համար։
Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի առարկություններից հետո նախաձեռնությունը մեղմացվել է․ արգելքը սահմանափակվել է կարճաժամկետ վիզաներով նրանց համար, ովքեր 2022 թվականի փետրվարից հետո անմիջական մասնակցություն են ունեցել պատերազմին։ Նոր պատժամիջոցներ են նախատեսվում նաև այն անձանց նկատմամբ, որոնք ծառայել են Ռուսաստանի կողմից վերահսկվող կամ նրա շահերից բխող ոչ կանոնավոր կազմավորումների մեջ։
Վիզա ստանալու համար դիմողներին ինքնաբերաբար չեն համարի մարտական գործողությունների մասնակիցներ միայն բանակում ծառայելու փաստի հիման վրա։ Ֆրանսիան և Իտալիան հանդես են եկել նախաձեռնության սկզբնական տարբերակի դեմ և նշել են, որ Ռուսաստանում գործում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչ։ Այդ երկրների դիվանագետների կարծիքով՝ լայն արգելքը կարող էր փաստացի տարածվել ռուսական բանակում ժամկետային ծառայություն անցած բոլոր տղամարդկանց վրա՝ անկախ մարտական գործողություններին նրանց մասնակցությունից։ Փարիզն ու Հռոմը կարծում են, որ սահմանափակումների հարցը պետք է կարգավորվի վիզային քաղաքականությամբ, այլ ոչ թե պատժամիջոցներով։ ԵՄ երկրները նաև նշել են միջոցի կիրառման գործնական բարդությունները․ հյուպատոսական ծառայությունները ստիպված կլինեն դիմումները քննել անհատական կարգով, ինչը կստեղծի լրացուցիչ վարչական բեռ։ Euronews-ը նշելմ է, որ այս դիրքորոշումը քննադատության է արժանացել Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների կողմից։
Բացի այդ, նոր տարբերակում ընդլայնվել են բացառությունները․ մուտքը կամ տարանցումը կարող են թույլատրվել հումանիտար պատճառներով, պետության շահերից ելնելով կամ միջազգային պարտավորությունների շրջանակում։ Ընդ որում, նման վիզան գործելու է միայն ԵՄ այն երկրում, որն այն տրամադրել է։
Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան ԵՄ այն երկրների թվում են, որոնք Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրում են ամենամեծ թվով վիզաներ։ 2025 թվականին Եվրամիության երկրները Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրել են 10,2 տոկոսով ավելի շատ վիզա, քան մեկ տարի առաջ։
Տարաձայնություններ են առաջացել նաև պատժամիջոցների 21-րդ փաթեթի մյուս դրույթների շուրջ։ Վեճերի պատճառ է դարձել Եվրահանձնաժողովի առաջարկը՝ ռուսական նավթի գնային առաստաղը պահպանել մոտ 44 դոլար մեկ բարելի դիմաց մակարդակում։ Euractiv-ի տվյալներով՝ Հունաստանը պահանջում է այս միջոցի գործողության ժամկետը կրճատել վեց ամսից մինչև երեք ամիս, ինչպես նաև պահանջում է պահպանել ռուսական հեղուկացված բնական գազի փոխադրման հնարավորությունը ԵՄ սահմաններից դուրս։ Գերմանիան, Լեհաստանը և Պորտուգալիան հասել են առանձին տեսակի ձկների համար բացառությունների։ Բուլղարիայի առարկություններից հետո պատժամիջոցների ցանկից կհեռացնեն նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։
Եվրամիությունում ընդունում են այն հավանականությունը, որ Մոսկվայի դեմ նոր սահմանափակումները կարող են չհամաձայնեցվել, գրել է Euractiv-ը՝ հղում կատարելով եվրաբլոկի անանուն բարձրաստիճան դիվանագետին։ Պատժամիջոցների 21-րդ փաթեթը ցանկանում էին ընդունել հուլիսի 13-ին։

