Թուրքիան առոչինչ է համարում Կիպրոսի վերաբերյալ ԵԽ-ի բանաձևը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրորություն է տարածել Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) կողմից Կիպրոսի հարցով ընդունված բանաձևի վերաբերյալ՝ այն որակելով «առոչինչ»:
Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ պաշտոնական հայտարարությամբ լիակատար աջակցություն հայտնելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշմանը։
Թուրքական ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը հերյուրանքներ և անհեթեթ պնդումներ է պարունակում թուրքական հերոսական զինված ուժերի հասցեին, առոչինչ է։ Ստահոդ զրպարտություններով լեցուն այս որոշումը Եվրամիության և, մասնավորապես, Եվրախորհրդարանի կողմից որոշակի շրջանակների ազդեցությամբ որդեգրած կողմնակալ ու խեղաթյուրված մոտեցման հերթական դրսևորումն է»։
Բացի այդ, հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնվել, որ ԵՄ կառույցներն ավելի ու ավելի են հեռանում պատմական իրողություններից և անաչառությունից։

