ՌԴ ԱԳՆ-ն մի շարք կոշտ հայտարարություններ է արել Ուկրաինայի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել ծավալուն մեկնաբանությամբ, որում Կիևի իշխանություններին մեղադրել է Ռուսաստանի խաղաղ բնակիչների դեմ հարձակումները սաստկացնելու համար, քննադատել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները և հայտարարել, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային աջակցելու հեռանկարը նվազում է։
Զախարովայի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը վերջերս գիտակցված են հարվածներ հասցնում քաղաքացիական տրանսպորտին։
«Վերջին ժամանակաշրջանում Ուկրաինայի զինուժը ԱԹՍ–ներով գիտակցաբար հարձակվում է երթուղային և ուղևորատար ավտոբուսների վրա», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Ինչպես նշում է դիվանագետը, Վլադիմիր Զելենսկու ռեժիմը փորձում է ուժեղացնել Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությունը, որպեսզի Արևմուտքին ցույց տա, թե իբր նրանց զենքն արդյունավետ է կիրառվում և ռազմական նոր աջակցություն ստանա, բայց, ըստ էության, նրանց վրա է բարդում հանցագործությունների պատասխանատվությունը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ այն պետությունները, որոնք շարունակում են Կիևին ռազմական օգնություն ցուցաբերել, ահաբեկչության ֆինանսավորման մասնակիցներ են դառնում։
Զախարովան նշել է, որ Ուկրաինային աջակցելու հեռանկարները գնալով ավելի ու ավելի քիչ հավանական են դառնում։ Նրա խոսքով` դա է հետևում մի շարք եվրոպական երկրների հայտարարություններից, որոնք անկեղծորեն խոստովանել են, որ իրենց հնարավորությունները սպառվել են։ Նա օրինակ է բերել Իտալիան, Նիդեռլանդները և Բուլղարիան։
Նա անդրադարձել է նաև հուլիսի 7-8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Զախարովան այն «նվաստացուցիչ» է որակել Վլադիմիր Զելենսկու համար՝ հայտարարելով, որ Ուկրաինայի առաջնորդին չեն հրավիրվել լիագումար նիստին`հնարավորություն տալով միայն կարճ ելույթ ունենալ պաշտպանական արդյունաբերության համաժողովում։
«Նա կրկին բարձրաձայնել է իր ավանդական «ցանկությունների» ցանկը՝ խնդրելով ՀՀՊ և ՀՕՊ համակարգերի և դրանց համար նախատեսված զինամթերքի մատակարարում, գովազդել է Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական «կարողությունները»։ ՆԱՏՕ-ի կողմից այս ամենին որևէ հստակ արձագանք չի եղել»,– հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով՝ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ որևէ ակնարկ չկա, իսկ Կիևի երկարաժամկետ ռազմական և ֆինանսական աջակցության հույսերն էլ, պարզվում է, «անիրականանալի» են։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի միջուկային զենք ունենալու հարցում Զելենսկու «թույլ քողարկված շանտաժի» փորձը որևէ աջակցություն չի ստացել հանդիպման մասնակիցների կողմից։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը քննադատել է Ուկրաինայի իշխանությունների գործողությունները պատմական քաղաքականության ոլորտում։ Նա հայտարարել է, որ ՈւԱԿ-ՈւԱԲ (Ուկրաինական ազգայնականների կազմակերպություն և Ուկրաինական ապստամբական բանակ. ՌԴ–ում ծայրահեղական ճանաչված և արգելված կազմակերպություններ) հերոսացումը, Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը կազմակերպության առաջնորդներից մեկի վերահուղարկավորությանը և Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանմանը «ՈւԱԲ–ի հերոսների անվան» պատվավոր կոչման շնորհումը վկայում են ուկրաինական նեոնացիզմի ամրապնդման մասին: Զախարովայի կարծիքով՝ հենց դա է լցրել «Վարշավայի համբերության բաժակը», Լեհաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում լարվածությունն էլ միայն աճելու է։
Նա նաև մեկնաբանել է Ուկրաինայի իշխանությունների՝ Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում «Ուկրաինայի ազգային պանթեոն» տեղակայելու ծրագրերը: Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը գիտակցաբար շարունակում է ծաղրել մայրավանքը՝ փորձելով այն վերածել դիվային տաճարի, Վլադիմիր Զելենսկին էլ ցուցադրում է ուղղափառ հավատքի նկատմամբ իր անձնական թշնամանքը` ձգտելով ավելի մեծ հոգեկան տառապանք պատճառել կանոնիկ եկեղեցու հոգևորականությանը և ծխականներին»։
Զախարովան հայտարարել է, որ ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները և ուկրաինացի ազգայնականների հերոսացումը հաստատում են Ուկրաինայի ապազգայնականացման և ապառազմականացման, ինչպես նաև նրա տարածքից բխող սպառնալիքների վերացման խնդիրների արդիականությունը։ Նրա խոսքով՝ այդ նպատակները անպայման կիրականացվեն։

